.
2026թ., Մայիսի 25

Բ Թագավորների 15. 23-27, 29-31                                                    Երկուշաբթի   |   Մայիս 25

 

 

Ես պառկեցի ու քնեցի. զարթնեցի, որովհետև Տերը պահպանում է ինձ։ Սաղմ. 3.5

 

ՀԱՆԳԻՍՏ ԳՏՆԵԼ

 

«Մարտավարական քունը» զինվորների համար մշակված խորհուրդների համակարգ է, որն օգնում է ընդամենը տասից երեսուն րոպեում խոր և վերականգնող քուն ունենալ։ Երբ զինվորները զգում են միայնություն կամ անհանգստություն, նրանք դժվարանում են հանգստանալ: Նման դեպքերում նրանց խորհուրդ է տրվում օգտագործել ականջի խցաններ, կարդալ քնելուց առաջ, ինչպես նաև առաջարկվում է կոֆեին պարունակող հատուկ մաստակ, որպեսզի արթնանալուց հետո արագ վերականգնեն զգոնությունը։

Հենց այն ժամանակ, երբ հանգիստն ամենից շատ է մեզ անհրաժեշտ, թվում է՝ այն ամենադժվարն է գտնել։ Դավիթ Թագավորը նման փորձառություն ունեցավ, երբ փախավ անապատ՝ իր որդի Աբիսողոմից փրկվելու համար։ Դավիթը և նրա ընկերները սգացին թագավորի որդու դավաճանությունը (Բ Թագ. 15.30-31)։ «Եվ ամբողջ երկիրը լաց էր լինում բարձր ձայնով…» (հ. 23)։ Այդ ծանր պահին Դավիթն աղաղակեց. «Ո՜վ Տեր, որքա՜ն շատացան իմ թշնամիները» (Սաղմ. 3.2)։ Բայց, հավանաբար, հիշելով իր անցյալի անհանգիստ գիշերները, նա շարունակեց վստահությամբ. «Ես պառկեցի ու քնեցի. զարթնեցի, որովհետև Տերը պահպանում է ինձ։ Ես չեմ վախենա…» (հ. 5-6)։ Դավիթը հասկանում էր, որ իր ապագան ոչ թե Աբիսողոմի, այլ Աստծո ձեռքերում է։ Այդ համոզմամբ՝ նա նույնիսկ ուխտի տապանակը վերադարձրեց Երուսաղեմ՝ վստահ լինելով այն փաստի վրա, որ իր ապագան Աստծո ձեռքերում է (Բ Թագ. 15.25-26)։

Քնելը երբեմն դժվար է, հատկապես լարված և անհանգիստ օրվա ավարտին։ Սակայն քնի կարիքը հիշեցում է, թե որքան բան կա, որ դուրս է մեր վերահսկողությունից։ Տերը խոստացել է մեզ զորացնել և պահել: Երբ մենք վստահում ենք Նրան, Նա խաղաղեցնում է մեր սիրտը և հանգիստ պարգևում։

 

Ի՞նչ մտքեր կամ անհանգստություններ են խանգարում մեր ներքին խաղաղությանը։ Ինչպե՞ս կարող ենք մեր հոգսերը հանձնել Աստծուն՝ Նրա մեջ ճշմարիտ խաղաղություն գտնելու համար։

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհակալ եմ, որ Դու հսկում ես ինձ թե՛ քնած և թե՛ արթուն ժամանակ։ Ամեն



Աստվածաշունչը մեկ տարում      |      Ա Մնացորդաց 25-27, Հովհաննես 9. 1-23