Հովհաննես 14. 17-26 Կիրակի | Մայիս 24
Բայց Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին … ամեն բան ձեզ կուսուցանի ու կհիշեցնի ձեզ այն ամենը, ինչ ձեզ ասացի: Հովհ. 14.26
ԱՍՏԾՈ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ
«Ինչպե՞ս է այն կնոջ անունը, ով ինձ լույս աշխարհ բերեց»։ Իմ յոթնամյա աղջկա այս հարցը սրի պես թափանցեց սիրտս։ Մենք նրան որդեգրել էինք փակ ընթացակարգով, և մեզ հայտնի էին միայն ամենապարզ տվյալները՝ հասակը, տարիքը, աչքերի գույնը։ Իսկ հիմա՝ այս անսպասելի հարցը։ Ինչպե՞ս պատասխանել նրան։ Ես խորը շունչ քաշեցի և շշնջացի․ «Տե՛ր Աստված, ի՞նչ ասեմ նրան»։ Եվ հենց այդ պահին, կարծես ներսից ծնված անսպասելի վստահությամբ, իմ շուրթերից հնչեց․ «Իսկ դու ինքդ ինչպե՞ս կուզեիր, որ նրա անունը լիներ»։ Աղջիկս լուսավորվեց և ուրախությամբ ասաց, - «Մադլեն»։ «Այդ դեպքում նրա անունը Մադլեն է», - ասացի ես։ Ես ուզում եմ հավատալ, որ այդ պահին հենց Աստված պատասխանեց այնտեղ, որտեղ ես պատասխան չունեի։
Հիսուսի հեռանալուց հետո Նրա աշակերտները բախվեցին բազմաթիվ դժվարությունների և թվացյալ անհույս իրավիճակների, որոնցում նրանք կարիք ունեին Աստծո կողմից պատասխանների: Հիսուսը խոստացավ, որ նրանց որբ չի թողնի, այլ կգա նրանց մոտ (Հովհ․ 14․18): Իսկ Հայր Աստվածը նրանց ապահովեց մշտական աջակցությամբ․ «Բայց Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրն ուղարկելու է իմ անունով, նա ամեն բան ձեզ կուսուցանի ու կհիշեցնի ձեզ այն ամենը, ինչ ձեզ ասացի» (հ․ 26):
Երբեմն մեր առջև ծառացած խնդիրները թվում են անհաղթահարելի։ Մենք Աստծո օգնության և պատասխանների կարիքն ունենք երեխաների դաստիարակության, աշխատանքի, հարևանների հետ մեր հարաբերությունների ու մեզ շրջապատող աշխարհի հարցում։ Բայց նույնիսկ երբ մենք չունենք պատասխաններ, Նա կարող է դրանք տալ մեզ։
Կյանքի ո՞ր ոլորտում ենք այսօր Աստծո օգնության կարիքը զգում։ Ի՞նչ հարցեր կարող ենք բերել Նրա առաջ՝ վստահ լինելով, որ միայն Նա կարող է տալ անհրաժեշտ պատասխանը։
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհակալ եմ Մխիթարիչ Սուրբ Հոգու համար, Ով առաջնորդում է և հիշեցնում Քո ճշմարտության մասին։ Ամեն
Աստվածաշունչը մեկ տարում | Ա Մնացորդաց 22-24, Հովհաննես 8. 28-59