Եսայի 61․1-4 Շաբաթ | Մայիս 23
/որովհետև Տերն օծել է ինձ/` Սիոնում սգացողներին հոգ տանելու, նրանց դափնեպսակ տալու մոխրի փոխարեն, ․․․ գովաբանության պատմուճան՝ հուսահատ հոգու փոխարեն: Ես․ 61․3
ԳՈՎԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒՃԱՆ
Էսթերը մտածում էր. «Ո՞վ եմ ես հիմա»։ Լինելով հովվի կին՝ նա հավատքի ամուր հիմքերով քրիստոնյա էր՝ միշտ շնորհակալ և դրական տրամադրվածությամբ։ Ամենօրյա շնորհակալությունը դարձել էր նրա հոգևոր կյանքի անբաժան մասը։ Սակայն երբ սկսվեց համավարակը, ամենուրեք քաոս ու անորոշություն էր։ Եվ Էսթերը հանկարծ զգաց, որ այլևս չի կարողանում շնորհակալ լինել, ինչպես առաջ։
Երբ մենք բախվում ենք ճգնաժամի՝ լինի դա համաշխարհային աղետ, թե անձնական կորուստ, անգամ ամենահաստատուն հավատք ունեցող քրիստոնյաները կարող են սկսել կասկածել։ Հողը կարծես սահում է ոտքերի տակից, և հավատքը սկսում է տատանվել։
Եսայի 61-րդ գլխի հերոսները լավ գիտեին, թե ինչ է հուսահատությունը։ Նրանք վերադարձել էին երկար տարիների աքսորից և իրենց հայրենիքը գտել ավերակների մեջ։ Մարգարեն նրանց խոստացավ երեք մեծ փոխանակում՝ դափնեպսակ՝ մոխրի փոխարեն, բերկրանքի յուղ՝ սգի փոխարեն, գովաբանության պատմուճան՝ հուսահատ հոգու փոխարեն (Ես. 61․3)։ Հիսուսը հետագայում ցույց տվեց, որ այս մարգարեությունը վերջնականապես կատարվեց Իր մեջ (Ղուկ. 4․16-21)։ Նրա շնորհիվ մեզ խոստացված է ուրախություն՝ տառապանքից հետո։
Էսթերին ամենից շատ դուր եկավ «գովաբանության պատմուճան» արտահայտությունը, երբ ընթերցում էր այս հատվածը (Ես. 61․3)։ Նա պատկերացրեց իրեն տոնական հագուստով և որոշեց Աստծուն գովաբանության երգ երգել: Այդպես նա կրկին կենտրոնացավ Աստծո բարության վրա, և անհանգստությունը սկսեց նահանջել։ Անկախ նրանից, թե ինչի միջով ենք անցնում այսօր, եկե՛ք մեր սրտերն ուղղենք դեպի Հիսուսը: Գովաբանությունը հզոր բուժիչ գործիք է:
Աստծո կողմից խոստացված այդ «մեծ փոխանակումներից» որի՞ կարիքն ունենք մենք այսօր։
Աղոթք – Տե՛ր, շնորհակալ ենք, որ Դու ես մեր հուսահատության պատասխանը։ Երբ կորցնում ենք մեզ, օգնի՛ր կրկին կենտրոնանալ Քեզ վրա։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Ա Մնացորդաց 19-21, Հովհաննես 8. 1-27