.
2026թ., Մայիսի 22

Մարկոս 9․14-29                                                                                         Ուրբաթ   |   Մայիս 22

 

 

Հավատում եմ, Տե՛ր, օգնի՛ր իմ անհավատությանը։ Մարկ․ 9․24

 

ՊԱՅՔԱՐ ԿԱՍԿԱԾՆԵՐԻ ԴԵՄ

 

«Եթե չափազանց երկար կասկածեք, կարող եք սկսել մտածել, որ ելք չկա», - ասում էր Սքոթը։ Կասկածները խոր արմատներ են գցում և աստիճանաբար դառնում մեր կյանքի մի մասը։ Բայց դրանք չպետք է որոշեն ո՛չ մեր հավատքը, ո՛չ էլ մեր ապագան։ 

Այս մտայնությամբ Սքոթը որոշեց կենտրոնանալ այն բանի վրա, թե ով է Աստված իրականում։ Ահա թե ինչ եզրահանգման եկավ նա. «Կենդանի Աստվածը Փրկիչն ու Ազատարարն է, որը գալիս է և կոտրում մեր սպասումների սահմանները։ Նա Աստված է, ով տապալում է փարավոններին, բաժանում ծովերը և ցնցում երկիրը։ Նա Աստված է, Ով զոհաբերեց Իր Որդուն և բացեց գերեզմանները»։

Մարկոսի Ավետարանում մի հուսահատ հայր եկավ Հիսուսի մոտ։ Տարիներ շարունակ տառապելով՝ նա կորցրել էր իր դիվահար որդուն բուժելու հույսը (Մարկ․ ​​9․21-22)։ «Եթե կարող ես մի բան անել, գթա՛ մեզ և օգնի՛ր», - ասաց նա (հ. 22)։ Հիսուսը պատասխանեց. «Եթե կարող ես հավատալ. հավատացողի համար ամեն ինչ հնարավոր է» (հ. 23)։ ​​«Տղայի հայրն աղաղակեց ու արտասուքով ասաց. «Հավատում եմ, Տե՛ր, օգնի՛ր իմ անհավատությանը» (հ. 24)։ Հայրն անկեղծորեն խոստովանեց իր կասկածները, բայց միևնույնն է, վստահեց Հիսուսին։ Այդ ժամանակ նա տեսավ, թե ինչպես է Տերը փոփոխություն բերում և վերականգնում իր կորցրած հույսը (հ. 25-27)։

Գուցե մենք նույնպես կասկածներ ունենք։ Մեր կասկածների հետևում տարիների պայքար է, իսկ հոգում՝ անարժանության զգացում։ Մեր հավատքը, որքան էլ թույլ ու տատանվող լինի, վստահենք Քրիստոսին։ Նա մոտ է և պատրաստ է տալ այն, ինչ մեզ իսկապես անհրաժեշտ է։

 

Ի՞նչ կասկածներ ունենք այսօր։ Ինչպե՞ս են Քրիստոսի բնավորության և Նրա օգնելու պատրաստակամության մասին խորհրդածություններն ազդում մեր վախերի վրա։

 

Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ, որ ընդունեցիր ինձ այնպիսին, ինչպիսին կամ։

Օգնի՛ր իմ անհավատության մեջ, որպեսզի վստահեմ ու  հավատամ Քեզ։ Ամեն։



Աստվածաշունչը մեկ տարում      |      Ա Մնացորդաց 16-18, Հովհաննես 7.28-53