Սաղմոսներ 137. 1-6 Հինգշաբթի | Մայիս 21
Եթե քեզ մոռանամ, Երուսաղե՛մ, թող իմ աջ ձեռքը մոռացված լինի։ Իմ լեզուն թող կպչի իմ քիմքին․․․ Սաղմ․ 137․5-6
ԿԱՐՈՏ
Էթելն ու Էդն ապրում էին գյուղական մի խաղաղ անկյունում։ Երբ մենք այցելեցինք նրանց իրենց հին ֆերմայում, զրույցը վերածվեց մանկության հիշողությունների՝ ձիավարության և անասուններին հովվելու մասին։ Այժմ նրանք միասին վայելում էին իրենց ծերությունը, բայց նրանց ձայներում հստակ զգացվում էր տան ու անցյալի հանդեպ խոր կարոտը։
Սաղմոս 137-ը նմանատիպ զգացմունքներ է փոխանցում։ Իսրայելացիները գերության մեջ էին և կարոտում էին իրենց հայրենիքը։ «Բաբելոնի գետերի մոտ նստում էինք և լաց լինում», - ասում էին նրանք։ «Մեզ գերի վերցնողներն այնտեղ օրհներգության խոսք էին պահանջում մեզնից» (հ․ 1, 3)։ Բայց «Տիրոջ օրհնությունը ինչպե՞ս երգենք օտար երկրում» (հ․ 4)։
Աքսորից վերադառնալու ցանկությունը Հին Կտակարանի մարգարեական գրքերի հիմնական թեմաներից մեկն է։ Ի վերջո, իսրայելացիները վերադարձան, վերակառուցեցին Երուսաղեմը և վերաբնակեցրին երկիրը։ Սակայն իրերն այլևս այնպիսին չէին, ինչպիսին նախկինում էին։ Երբ տաճարի հիմքը դրվեց, նրանք, ովքեր հիշում էին նրա նախկին փառքը, լաց էին լինում՝ տեսնելով միայն անցյալի ստվերը (Եզր 3․12):
Երբ մեր կյանքում ավարտվում է հերթական մի փուլ, մենք կարող ենք մեզ զգալ կարծես աքսորի մեջ՝ կարոտելով այն, ինչ արդեն անցյալում է։ Սակայն Քրիստոսին ճանաչողների համար այդ կարոտն ուղղված չէ դեպի անցյալը, այլ դեպի ապագան։ Հենց այս մտքին էլ հանգեց մեր զրույցը Էթելի և Էդի հետ՝ մեր կարոտն ուղղենք դեպի այն ապագա տունը, որտեղ ամեն ինչ կվերականգնվի և կդառնա ավելի կատարյալ, քան մենք կարող ենք պատկերացնել։
Ինչի՞ն ենք մենք այսօր կարոտով նայում։ Ինչպե՞ս կարող է այդ կարոտը վերածվել հույսի՝ օգնելով մեզ ավելի լուսավոր հայացքով նայել ապագային։
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհակալ եմ, որ ինձ հետ ես կյանքիս յուրաքանչյուր փուլում և պայծառ ապագա ես խոստանում Քեզ հավատացողներին։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Ա Մնացորդաց 13-15, Հովհաննես 7. 1-27