.
2026թ., Մայիսի 19

Ծնունդ 39. 2-6, 20-23                                                                          Երեքշաբթի   |   Մայիս 19

 

 

Եվ նա իր ամբողջ ունեցածը թողեց Հովսեփի ձեռքին: Ծն․ 39․6 

 

ԱՍՏԾՈՒՆ ԼԻԱԿԱՏԱՐ ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Ինչպես Սինգապուրի բոլոր տղամարդիկ, տասնութ տարեկանում ես նույնպես զորակոչվեցի բանակ։ Անկեղծ ասած՝ մեծ դժկամությամբ։ Շատ այլ երիտասարդների պես ես փորձում էի անել նվազագույնը՝ ըստ հրահանգների, ոչ ավել, ոչ պակաս։

Սակայն ոմանք լիովին նվիրվում էին ծառայությանը, և արդյունքում ձեռք էին բերում մեծ օգուտներ՝ սովորելով առաջնորդություն և տոկունություն։ Հետ նայելով՝ հասկանում եմ, որ նման մոտեցումն ու ջանքերը հաճելի են Աստծուն։ Աստվածաշնչում սա հստակ երևում է Հովսեփի օրինակով։

Չնայած նրան, որ Հովսեփը վաճառվեց ստրկության և հետո բանտ նետվեց, նա ամբողջ նվիրումով կատարում էր իրեն վստահված բոլոր պարտականությունները։ Դժգոհելու փոխարեն՝ նա իր դերն այնքան լրջորեն էր ընդունում, որ իր տերը՝ Պետափրեսը, «իր ամբողջ ունեցածը թողեց Հովսեփի ձեռքին» (Ծն. 39․6)։ Հետագայում երիտասարդը դարձավ բանտի, ապա՝ ամբողջ Եգիպտոսի կառավարիչը։

Դարեր անց Պողոս Առաքյալը  հորդորում էր հավատացյալներին․ «Եվ ամենը, ինչ էլ որ անեք՝ խոսքով կամ գործով, ամեն բան Տեր Հիսուսի անունո՛վ արեք․․․» (Կող. 3․17)։ Մեր կյանքի պայմանները կարող են հեռու լինել իդեալականից, բայց թող Աստված օգնի հավատարիմ լինել մեզ վստահված գործի մեջ։ Քանզի մենք աշխատում ենք Նրա համար, Ով տեսնում է մեր սիրտը։

 

Ի՞նչ դժվար իրավիճակների մեջ ենք հայտնվել վերջին շրջանում։

Ինչպիսի՞ արձագանք են դրանք գտել մեր ներսում և գործողություններում: 

 

Աղոթք – Տե՛ր, օգնի՛ր, որ ծառայեմ Քեզ ամբողջ սրտով, նույնիսկ երբ պայմանները դժվար են ու անկատար։ Սովորեցրո՛ւ ինձ մնալ հավատարիմ և անել ամեն ինչ Քո փառքի համար։  Ամեն։



Աստվածաշունչը մեկ տարում      |      Ա Մնացորդաց 7-9, Հովհաննես 6. 22-44