.
2026թ., Մայիսի 18

Եբրայեցիներին 3․7-15                                                                      Երկուշաբթի   |   Մայիս 18

 

 

Այսօր եթե նրա ձայնը լսեք, ձեր սրտերը մի՛ կարծրացրեք․․․ Եբր․ 3․7-8

 

ԿԱՐԾՐՑԱԾ ՍՐՏԻ ԱՆԱՏՈՄԻԱ

 

Սեփական սիրտը տեսնելը հուզիչ փորձառություն է։ Վերջերս ես նման հնարավորություն ունեցա։ Սրտիս շրջանում ցավ զգալով՝ դիմեցի բժշկի, և նա նշանակեց հետազոտություն։ Պարզվեց, որ իմ արյան անոթային համակարգում կալցիումի ավելցուկ կա։ Բժիշկները դա անվանում են աթերոսկլերոզ՝ զարկերակների կարծրացում։

Ես ստիպված էի հիմնահատակ փոխել սննդակարգս ու կենսակերպս։ Բայց նաև հասկացա, որ սրտիս հետ կապված խնդիրները հիմնավորված էին։ Դրանք անառողջ սովորությունների հետևանք էին։ Ժամանակի ընթացքում այդ սովորություններն անխուսափելիորեն ազդել էին սրտիս վիճակի վրա։

Աստվածաշունչը նմանատիպ պատկերավոր օրինակներ է օգտագործում նաև հոգևոր անառողջության մասին խոսելիս։ Մեր սրտերը կարող են աստիճանաբար կարծրանալ՝ օրեցօր, որոշումից որոշում։ Եբրայեցիներին ուղղված թղթի հեղինակը, մեջբերելով Սաղմոս 95-ից, ասում է․ «Այսօր եթե նրա ձայնը լսեք, ձեր սրտերը մի՛ կարծրացրեք, ինչպես փորձության օրը անապատում» (Եբր. 3․7-8)։ Իսրայելացիներին Եգիպտոսից դուրս բերելուց հետո նրանք երկար ժամանակ անապատում «փորձում» և «քննում» էին Աստծուն (հ. 9)։

Տերը հոգ էր տանում Իր ժողովրդի մասին, սակայն կարծրացած սրտով մարդիկ հրաժարվում էին դա ընդունել (հ. 9-10)։ Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր մասին։ Ի՞նչ սովորություններ են մեզ հեռացնում Աստծուց՝ աստիճանաբար կարծրացնելով մեր սրտերը։ Մենք բոլորս սխալ որոշումներ ենք կայացնում։ Այդ պատճառով ես խորապես երախտապարտ եմ, որ Աստված այսօր, հենց այս պահին, փոխում է մեր կարծրացած սրտերը՝ դարձնելով դրանք Իր սիրով փափկացված սրտեր (հ. Եզեկ. 36․26)։

 

Ինչպե՞ս է Աստված մեզ մոտեցնում Իրեն։ 

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, երբեմն սիրտս հոգնում ու կարծրանում է։ Ների՛ր իմ սխալ ընտրությունների համար և օգնի՛ր ընդունել Քո մաքրագործող ու մեղմացնող ներգործությունը։ Ամեն։



Աստվածաշունչը մեկ տարում      |      Ա Մնացորդաց 4-6, Հովհաննես 6. 1-21