.
2026թ., Մայիսի 17

Երեմիա 17. 5-8                                                                                           Կիրակի   |   Մայիս 17

 

 

Օրհնյա՜լ լինի այն մարդը, որ Տիրոջն է վստահում․․․ Եր․ 17․7

 

ԽՈՐ ԱՐՄԱՏՆԵՐ

 

Հրդեհից ավիրված տարածքը զննելիս՝ լանդշաֆտային ճարտարապետ Դուգլաս Քենթը բախվեց զարմանալի տեսարանի՝ այրված մեքենաների ու ածխացած շենքերի կողքին կանգնած էին կենդանի, կանաչ ծառեր։ Դրանցից շատերը ծածկված էին փարթամ սաղարթով, իսկ բներն ու ճյուղերը գրեթե անվնաս էին մնացել։ Ինչպե՞ս էր դա հնարավոր։ Պարզվեց, որ տարածքը անսովոր խոնավ երկու  ձմեռ էր ապրել: Հողը ներծծվել էր ջրով, որը ծառերի հզոր արմատներն առատորեն մատակարարել էին իրենց ճյուղերին և տերևներին: Այդ պատճառով էլ հրդեհի ժամանակ նրանք դարձել էին գրեթե հրակայուն։ «Ես հասկացա, - մեկնաբանեց Քենթը, - որ պետք է ունենալ ամուր արմատներ։ Եվ միայն այդ դեպքում կարող ենք դիմակայել»։

Նույն խոսքերը կարելի է վերագրել նաև մեր հավատքին, որն անցնում է կրակոտ փորձությունների միջով։ Խորացնելով մեր հոգևոր արմատները Քրիստոսի և Նրա սիրո մեջ՝ մենք նմանվում ենք մարգարեի այս խոսքերին․ «Նա ջրերի մոտ տնկված մի ծառի նման կլինի. նա իր արմատները կձգի գետի մոտով և չի տեսնի տաքության գալու ժամանակը. նրա տերևները կանաչ կլինեն, երաշտի տարում նա չի մտահոգվի և չի դադարի պտուղ տալուց» (Եր. 17․8)։

Բացի այդ, Երեմիան, ով հակված չէր մեղմացնելու իր խոսքը, զգուշացրեց․ ով «մարդու է վստահում», անիծյալ է (հ. 5)։ «Նա պիտի լինի ինչպես մոշենին անապատում. երբ բարիքը գա, այն չպիտի տեսնի, պիտի բնակվի անապատի խանձված տեղերում, աղի և անբնակ երկրում» (հ. 6)։ Որքա՜ն ավելի լավ է հույսը դնել Աստծո վրա։ Նրա սիրով սնված ու զորացած՝ մենք կկարողանանք ծաղկել ցանկացած ժամանակում՝ բերելով հոգևոր պտուղ։

 

Որքա՞ն խորն են մեր արմատները Քրիստոսի մեջ։

Ինչպե՞ս կարող ենք զորություն ստանալ Նրանից կրակով փորձվելու ժամանակ։

 

Աղոթք – Տե՛ր, երբ շուրջս ամեն ինչ թվում է անկայուն ու ծանր փորձություններով լի, ամրացրո՛ւ սիրտս, որ հույսս միայն Քեզ վրա լինի։ Ամեն։



Աստվածաշունչը մեկ տարում      |      Ա Մնացորդաց 1-3, Հովհաննես 5. 25-47