Հովհաննես 10. 1-10 Շաբաթ | Մայիս 16
Գողը գալիս է միայն գողանալու, մորթելու և ոչնչացնելու համար, սակայն ես եկա, որ իմ ոչխարները կյանք ունենան և առատ կյանք։ Հովհ․ 10․10
ԲԱՐԻ ՀՈՎՎԻ ՁԱՅՆԸ
Բանկային հավելվածը բացելով՝ նկատեցի երկու անծանոթ գործարք՝ յուրաքանչյուրն ավելի քան հինգ հարյուր դոլար արժողությամբ։ Խուճապահար զանգահարեցի բանկ և պարզեցի, որ տվյալներս գողացել են։ Բարեբախտաբար, գումարը հաջողվեց վերադարձնել, բայց այդ դեպքն ինձ սովորեցրեց լինել ավելի զգոն և ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ նման իրավիճակից ապագայում խուսափելու համար։
Հովհաննեսի Ավետարանում Հիսուսը խոսում է գողի մասին, որը «գալիս է միայն գողանալու, մորթելու և ոչնչացնելու համար» (Հովհ. 10․10)։ Նա, հանդիմանելով հրեաներին, ովքեր դատապարտում էին Իրեն շաբաթ օրով բժշկելու համար (Հովհ. 9․13-15), բացահայտում է նրանց իրական կործանարար շարժառիթները։ Մեր հոգևոր թշնամին՝ սատանան, ցանկանում է մեզնից խլել Աստծո շնորհի գիտակցումը և այն ազատությունը, որը մեզ պարգևել է Քրիստոսն Իր զոհաբերությամբ։ Սակայն նույն հատվածում Նա Իրեն անվանում է Բարի Հովիվ, Ով Իր ոչխարներին կանչում է անունով (Հովհ. 10․2-4)։ Նա պահպանում և օգնում է Իր ոչխարներին, ովքեր գնում են Իր հետևից, «բայց օտարի հետևից չեն գնա, այլ նրանից կփախչեն, որովհետև օտարների ձայնը չեն ճանաչում » (հ. 5)։
Այն աշխարհը, որտեղ մենք ապրում ենք, լի է վտանգներով։ Սակայն սիրող Աստված մեզ օգնում է սովորել տարբերել և ճանաչել թշնամու ձայնը, որը փորձում է գողանալ, սպանել և կործանել։ Մեր ականջները Բարի Հովվի ձայնին ուղղելով՝ մենք կարող ենք վստահ լինել, որ Նա մեզ կառաջնորդի դեպի «առատ» կյանք (հ․ 10)։
Մեր կյանքի ո՞ր ոլորտում է «գողը» փորձում վնաս հասցնել։
Ինչպե՞ս լսենք Հովվի ձայնը, Ով ցանկանում է մեզ տալ առատ կյանք։
Աղոթք – Տե՛ր, պահպանի՛ր սիրտս ու միտքս ամեն խաբուսիկ ձայնից և սովորեցրո՛ւ ճանաչել Քո խաղաղ և ճշմարիտ ձայնը։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Դ Թագավորների 24-25, Հովհաննես 5. 1-24