.
2026թ., Մայիսի 15

Սաղմոսներ 104. 1-2, 24-27, 31-33                                                            Ուրբաթ   |   Մայիս 15

 

 

Լույսը հագնում ես հանդերձանքի պես․․․ Սաղմ․ 104․2

 

ԱՍՏԾՈ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ

 

19-րդ դարի բանաստեղծ Ջերարդ Հոփքինսն իր «Աստծո մեծությունը» սոնետում հիացմունքով է նկարագրում Արարչի մեծության անթիվ դրսևորումներն արարչագործության մեջ։ Նա Աստծո փառքը համեմատում է գրավիչ հյուսիսափայլի հետ և հավատում, որ նույնիսկ մեր ներսում ժամանակ առ ժամանակ բռնկվում են Նրա փառքի լուսեղեն կայծերը։ Բայց եթե Աստծո գեղեցկությունն այդքան ակնհայտ է, ապա ինչո՞ւ շատերը չեն նկատում այն։ Հոփքինսը ենթադրում է, որ պատճառներից մեկն այն է, որ մարդիկ ապականում և աղտոտում են ստեղծագործ աշխարհը։ Բացի այդ, սեփական «աշխատանքով» և զբաղվածությամբ տարված լինելով՝ շատերն այլևս ոչինչ չեն տեսնում, բացի իրենցից։

Սաղմոս 104-ը նույնպես օրհներգում է Աստծո գեղեցկությունը Նրա ստեղծագործության մեջ։ Սաղմոսերգուն, կիրառելով պատկերավոր և կենդանի նկարագրություններ, ներկայացնում է Աստծուն՝ «գեղեցկություն և փառք» հագած (հ. 1)։ Նրա գեղեցկությունն ու հոգատարությունը բացահայտվում են քամու, կրակի (հ. 4), որոտի (հ. 7), ինչպես նաև աղբյուրների, խոտերի և ծառերի մեջ (հ. 10-16)։

Աստծո անհամար պարգևները, որոնք զորացնում և պահպանում են մեր մարմինն ու հոգին (հ. 15), վկայում են Տիրոջ փառքի մասին (հ. 31), նույնիսկ երբ հաճախ չենք գիտակցում։ Հոփքինսն իր սոնետը եզրափակում է այսպես՝ չնայած մարդկության հոգևոր կուրությանը՝ Աստծո ողորմությամբ ստեղծված աշխարհի խորքում մշտապես առկա է Նրա փառքի հասանելի փայլը։ Եթե կանգ առնենք և ուշադրությամբ նայենք մեր շուրջը, անպայման կգտնենք բազմաթիվ պատճառներ՝ տեսնելու և փառաբանելու Աստծո գեղեցկությունն ու բարությունը (հ. 33)։

 

Ի՞նչն է խանգարում մեզ տեսնել Աստծո փառքը Նրա ստեղծագործության մեջ կամ ի՞նչն է օգնում զգալ և տեսնել Նրա գեղեցկությունը։

 

Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ, որ Քո գեղեցկությամբ լցնում ես աշխարհը։ Օգնի՛ր ինձ տեսնել այն և փառաբանել սուրբ ու սքանչելի անունդ։ Ամեն։



Աստվածաշունչը մեկ տարում      |      Դ Թագավորների 22-23, Հովհաննես 4. 31-54