Ղուկաս 8. 4-8, 11-15 Հինգշաբթի | Մայիս 14
Եվ ուրիշ մի մաս բարեբեր ու պարարտ հողի վրա ընկավ և բուսնեց, հարյուրապատիկ պտուղ տվեց։ Ղուկ․ 8․8
ԲԱՐԻ ՀՈՂԸ ԱՍՏԾՈ ՄԵՋ
Գարնանը ես սովորաբար այգում վարունգի սերմեր եմ ցանում։ Վարունգի տերևներն արագ են երևում հողի վրա, սակայն պտուղների երևալու համար ժամանակ է պահանջվում։ Մի ամառ, մարգերը ջրելիս, սկսեցի կասկածել՝ արդյո՞ք այս տարի վարունգ ընդհանրապես կլինի, թե՝ ոչ։ Գուցե սերմերը չափազանց խիտ էի ցանել, կամ հողը մինչ այդ բավականաչափ չէր փխրեցրել։ Սակայն օրեր անց տեսա երկար սպասված կանաչ պտուղը։ Մեկ շաբաթ անց՝ ևս մեկը։ Հետո՝ մյուսները։ Մի քանի շաբաթ անց արդեն այնքան վարունգ կար, որ ամբողջ ընտանիքին կբավականացներ
Հոգևոր աճը որոշ չափով նման է վարունգ աճեցնելուն։ Մենք միշտ չէ, որ տեսնում ենք, թե ինչի համար ենք աղոթում։ Սիրո, համբերության, հեզության և ժուժկալության պտուղներն անմիջապես չեն երևում (Գաղ․ 5․22-23)։ Սակայն եթե մենք խնդրենք Աստծուն օգնել մեզ ստեղծել աճի պայմաններ՝ Աստվածաշնչի ուսումնասիրության, Նրա հետ հաղորդակցության և ուրիշներին ծառայելու միջոցով, Սուրբ Հոգին դրական փոփոխություններ կբերի մեր մեջ։
Այս մասին Հիսուսն ասում է Իր հայտնի սերմնացանի առակում․ «Սերմնացանը ելավ իր սերմը ցանելու» (Ղուկ. 8․5)։ Այն սերմերը, որոնք ընկան ճանապարհի եզրին, «երկնքի թռչունները կերան» (հ. 5)։ Մյուս սերմերն ընկան ապառաժի վրա և չկարողացան արմատավորվել (հ. 6)։ Որոշներն էլ ընկան փշերի մեջ և խեղդվեցին (հ. 7)։ Բայց բարեբեր հողի վրա ընկած սերմը «հարյուրապատիկ պտուղ տվեց» (հ. 8)։
Աստծո օգնությամբ, եկե՛ք մշակենք մեր ներսում գտնվող «բարի հողը» և աճենք Նրա մեջ։
Ինչպե՞ս է Աստված օգնում մեր սիրտը դարձնել «բարի հող»։
Մեր կյանքի ո՞ր ոլորտներում ենք արդեն տեսնում աճ և փոփոխություն։
Աղոթք – Տե՛ր, օգնի՛ր բարի պտուղ բերել Քեզ համար։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Դ Թագավորների 19-21, Հովհաննես 4. 1-30