.
2026թ., Մայիսի 13

Գաղատացիներին 6. 7-10                                                                   Հինգշաբթի   |   Մայիս 13

 

 

Բարիք գործելուց չձանձրանանք, որովհետև իր ժամանակին կհնձենք, եթե չթուլանանք։ Գաղ․ 6․9

 

ՀՈՒՆՁՔԻ ՍՊԱՍՈՒՄՈՎ

 

1962 թվականին Ջոան Շետլերը և Էնն Ֆեցերը մեկնեցին երկար ճանապարհորդության։ Սկզբում ավտոբուսով, ապա ոտքով նրանք հասան Ֆիլիպինների հեռավոր շրջան՝ Ավետարանը քարոզելու այն բնիկներին, ովքեր երբեք չէին լսել Քրիստոսի մասին։

Հինգ տարի շարունակ Ջոանն ու Էննը թարգմանում էին Աստվածաշունչը բալանգաո լեզվով, սակայն այն գյուղի բնակիչները, որտեղ նրանք հաստատվել էին, որևէ հետաքրքրություն չէին ցուցաբերում Բարի Լուրի նկատմամբ։ Սակայն նրանք չէին հանձնվում և ավետարանելուց բացի՝ նաև օգնություն էին ցուցաբերում տարատեսակ աշխատանքների մեջ, այդ թվում՝ թռիչքուղու կառուցման գործում։ Եվ ահա մի օր այնտեղ առաջին անգամ ինքնաթիռ վայրէջք կատարեց։ Զարմացած բնիկներն այն անվանեցին «այլ աշխարհից եկած կախարդական թռչուն»։ Օդաչուն իր հետ տարավ ծանր հիվանդ հղի կնոջը՝ նրան բուժկենտրոն հասցնելու համար։ Մի քանի շաբաթ անց ինքնաթիռը վերադարձավ՝ արդեն ապաքինված մոր և մանկան հետ։ Այդ դեպքից հետո մարդիկ սկսեցին հարցուփորձ անել միսիոներուհիներին այն Աստծո մասին, Ում նրանք քարոզում էին։ Շուտով գյուղում եկեղեցի հիմնվեց, որն արագ լցվեց նորադարձ հավատացյալներով։

Յուրաքանչյուր ոք, ով Քրիստոսի մասին վկայում է անհավատներին, հիասթափության և հուսահատության պահեր է ապրում, երբ թվում է, թե ոչ ոք չի լսում իրեն։ Պողոս Առաքյալին նույնպես խորապես ծանոթ էր այդ զգացողությունը։ Ավետարանը քարոզելու կարևորության մասին խոսելով՝ նա չէր թաքցնում, որ քարոզիչը երբեմն կարող է ուժասպառ լինել։ Այդ պատճառով հորդորում էր գաղատացիներին, որ բարիք գործելուց չձանձրանան (Գաղ. 6․9)։

Ջոանի և Էննի ծառայության առաջին հինգ տարիները, անկասկած, ծանր էին։ Սակայն նրանք շարունակեցին սերմանել և ժամանակի ընթացքում հնձեցին պտուղը։ Մենք ևս չպետք է թուլանանք բարիք գործելու մեջ (հ. 9), որովհետև փրկության պատգամը մարդկանց պարգևում է հավիտենական կյանք (հ. 8)։ 

 

Ինչո՞ւ են ավետարանիչները երբեմն թուլանում կամ հոգնում։

Ի՞նչն է մեր անսասան հույսի աղբյուրն այսօր։

 

Աղոթք – Տե՛ր, օգնի՛ր չհանձնվել և շարունակել սերմանել Քո Խոսքը, նույնիսկ այն ժամանակ, երբ մարդիկ հետաքրքրություն չեն ցուցաբերում Ավետարանի Բարի Լուրի նկատմամբ։ Ամեն։



Աստվածաշունչը մեկ տարում      |      Դ Թագավորների 17-18, Հովհաննես 3. 19-36