Բ Տիմոթեոսին 2. 14-19, 22-24 Չորեքշաբթի | Մայիս 12
Ջանա՛ Աստծու առաջ ինքդ քեզ փորձված ներկայացնել, իբրև մի մշակ, որ ամաչելու բան չունի, որ ճշմարտության խոսքն ուղիղ է մատուցում։ Բ Տիմ․ 2․15
ԱՃԵԼ ԱՍՏՎԱԾՃԱՆԱՉՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Հենց նետվեցի լողավազանի մեջ, ակնոցներս անմիջապես լցվեցին ջրով, և ես գրեթե ոչինչ չէի տեսնում։ Դպրոցում ինձ գրանցել էին մրցույթի, չնայած երբեք պրոֆեսիոնալ լողով չէի զբաղվել։ Դանդաղ ու ամոթխած ես լողացի դեպի լողավազանի մյուս կողմն ու հետ վերադարձա։ Բայց տարիներ անց սովորեցի ճիշտ շնչառության տեխնիկան և տիրապետում էի բոլոր չորս լողաձևերին։ Հիմա լողալն ինձ համար լիակատար հաճույք է։
Ամեն ինչ փոխվում է, երբ սկսում ես ճիշտ նախապատրաստություն և ընթացք ունենալ։ Նույնը վերաբերում է նաև Աստվածաշնչի ընթերցանությանը։ Եթե մենք խորությամբ ուսումնասիրենք համատեքստը և հեղինակի մտադրությունը, ավելի ճիշտ կհասկանանք Աստծո Խոսքի ճշմարտությունը և կկարողանանք այն ճիշտ կիրառել մեր կյանքում։ Պողոսը ցանկանում էր, որ իր երիտասարդ գործակից Տիմոթեոսն ամուր կանգնի հավատքի մեջ, չընկնի սխալ ուսմունքների ազդեցության տակ և չներքաշվի վեճերի մեջ։ Իր վերջին նամակում նա հորդորում էր Տիմոթեոսին ուսումնասիրել և ուսուցանել Սուրբ Գիրքը․ «Ջանա՛ Աստծու առաջ ինքդ քեզ փորձված ներկայացնել, իբրև մի մշակ, որ ամաչելու բան չունի, որ ճշմարտության խոսքն ուղիղ է մատուցում» (Բ Տիմ. 2․15)։
Լողի ճիշտ տեխնիկան սովորելով՝ ես աճեցի որպես լողորդ։ Նույն կերպ՝ հոգևոր կյանքում Աստվածաշնչի գաղափարներն ուսումնասիրելով և կիրառելով՝ մենք աճում ենք աստվածճանաչման մեջ, սովորում ենք տարբերել ճշմարտությունը կեղծիքից և ձեռք ենք բերում իմաստություն։ Եկե՛ք խորանանք Աստծո Խոսքի մեջ, որպեսզի հասնենք այն նպատակին, որի մասին գրում էր Պողոսը․ «Որպեսզի Աստծու մարդը լինի կատարյալ, պատրաստ ամեն բարի գործի» (Բ Տիմ. 3․17)։
Որքա՞ն հաճախ ենք Աստվածաշունչ ընթերցում։ Ի՞նչ ենք վերջին շրջանում սովորել Սուրբ Գիրքն ուսումնասիրելիս։
Աղոթք – Հա՛յր, օգնի՛ր ճանաչել Քեզ Խոսքիդ միջոցով և աճել Քեզ հետ հարաբերության մեջ։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Դ Թագավորների 15-16, Հովհաննես 3. 1-18