Եսայի 40. 1-8 Երկուշաբթի | Մայիս 11
․․․ Աստծու խոսքը մնում է հավիտյան։ Ես․ 40․8
ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ
20-րդ դարի սկզբին Շվաբ ազգանունով մի հաջողակ գործարար որոշեց կառուցել պատմության մեջ ամենաշքեղ առանձնատունը։ Շինարարությունն ավարտվեց 1906 թվականին։ Ֆրանսիական դղյակներից ներշնչված՝ այդ համալիրն զբաղեցնում էր մի քանի թաղամասի չափ տարածք՝ փարթամ այգիներով, վեհաշուք սրահներով և ճոխ ներքին հարդարանքով։
Չնայած իր ամբողջ շքեղությանը՝ Շվաբի մահից հետո առանձնատան համար գնորդ չգտնվեց։ Այն չափազանց մեծ, չափազանց թանկ և արդեն հնացած էր համարվում։ 1948 թվականին ամբողջ կալվածքը քանդվեց, և թե՛ տունը, թե՛ նրա ստեղծողը ժամանակի հետ անհետացան անցյալի բովում։
Այն ամենը, ինչ այս աշխարհում բարձր է գնահատվում՝ պալատները, հարստությունը, փառասիրությունն ու մարդկային փառքը, դատապարտված է անցողիկության։ Եսայի մարգարեն հիշեցնում է․ «Ամեն մարմին խոտ է, և նրա ամբողջ վայելչությունը նման է դաշտի ծաղկի» (Ես. 40․6)։ Մարգարեն խոսում էր այն մարդկանց հետ, որոնք կրում էին Աստծո պատիժն իրենց անհավատարմության պատճառով։ Սակայն խրատելուց հետո Տերը նրանց մխիթարություն խոստացավ (հ. 1-2)։ Այն, ինչ Եսային ասում էր մարդկանց, խոտի և ծաղիկների մասին, ճշմարիտ է. դրանք անցողիկ են (հ. 6-7)։ Բայց Աստծո ճշմարտությունը մնում է հավիտյան։ Այն գերազանցում է մարդկանց, պալատները, հարստությունը, փառասիրությունն ու երկրային փառքը։ «Աստծու խոսքը մնում է հավիտյան» (հ. 8)։
Կարևոր է հիշել, թե որքան փխրուն ենք մենք, բայց առավել կարևոր է գիտակցել, որ Աստծո Խոսքն ու Նրա խոստումները հավիտենական են։
Ի՞նչն է մեր աչքի առաջ թոռոմել և անհետացել։ Ինչպե՞ս կարող է Աստծո հավիտենական բնույթը մեզ ոգեշնչել։
Աղոթք – Տե՛ր, ես վստահում եմ անփոփոխ ու հավիտենական Խոսքիդ, և փառաբանում Քո սուրբ ու սքանչելի անունը։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Դ Թագավորների 13-14, Հովհաննես 2