Բ Կորնթացիներին 4. 7-12 Կիրակի | Մայիս 10
Բայց այս գանձն ունենք կավե անոթներում, որպեսզի ցույց տրվի, որ այս գերազանց զորությունը Աստծուց է, ոչ թե մեզանից։ Բ Կոր․ 4․7
ՄԵՐ ՄԵՋ ՀԱՅՏՆՎԱԾ ՀԻՍՈՒՍԸ
Մայրիկի մահից հետո Ջոնի Էրիքսոն Թադան խորհում էր աստվածաշնչյան այն համեմատության շուրջ, որտեղ մեր մարմինները նմանեցվում են «կավե անոթների», որոնք պահում են Քրիստոսի ներկայության գանձը։ Նա պատկերացնում էր ժամանակակից համարժեքը՝ ստվարաթղթե տուփ։ Ջոնիի խոսքով՝ մայրը նման «տուփ» էր՝ փոսիկներով և պատռված ծալքերով, որն այժմ դատարկ էր։ Բայց դա թանկարժեք տուփ էր, քանի որ նրա մեջ բնակվում էր Քրիստոսի Հոգին։
Տեր Հիսուսը փայլում է Իրեն հետևողների միջոցով, և առավել պայծառ՝ այն ճաքերի ու կոտրվածքների միջով, երբ նրանց «անոթները» ծերանում են։ Պողոսն օգտագործում էր կավե անոթների գաղափարը՝ ցույց տալու համար, որ հոգևոր զորության աղբյուրը մեր մեջ չէ, այլ Աստծո մեջ (Բ Կորնթ. 4․7)։ Թեև Պողոսը հալածվում և ճնշվում էր, նա լքված չէր (հ․ 8-9)։ Նա գիտեր, որ իր տառապանքների մեջ պիտի բացահայտվի Քրիստոսի կյանքը։
Ի՞նչ վիճակում է այսօր մեր «տուփը»։ Գուցե զգում ենք, թե ինչպես է այն աստիճանաբար մաշվում և կորցնում իր ամբողջականությունը։ Սակայն պետք է հասկանալ, որ մեր մահկանացու մարմնի մեջ բացահայտվում է «Հիսուսի կյանքը» (հ. 10)։ Խոնարհվե՛ք Նրա առաջ, և Նա կփայլի ձեր միջոցով, որպեսզի նրանք, ովքեր դեռ խավարի մեջ են, նույնպես գտնեն Նրա սերն ու կյանքը։
Ինչպե՞ս է Քրիստոսը փայլում մեր անոթների միջոցով։ Եվ ինչո՞ւ է Աստված Իր գանձը դնում «կավե անոթների» մեջ։
Աղոթք – Կենդանի՛ Աստծո Հոգի, բնակվի՛ր մեր մեջ, որպեսզի մենք այս աշխարհում փայլենք Քո սիրով։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Դ Թագավորների 10-12, Հովհաննես 1. 29-51