Մայիսի 1-ին, Երևանում, իսկ մայիսի 4-ին, Ալավերդիում տեղի ունեցան Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու կանանց համար նախատեսված հերթական մեկօրյա տարածաշրջանային համագումարները, որոնք հերթական անգամ դարձան հոգևոր զորացման, փոխադարձ քաջալերանքի և քրիստոնեական հաղորդակցության յուրահատուկ առիթ։
Երևանում՝ Բաղրամյան 18 հասցեում, համագումարին մասնակցում էր գրեթե 200 կին՝ Երևանի երեք՝ «Հույսի Տուն», ՀԱԹ և Բաղրամյան 18 համայնքներից, ինչպես նաև Արտաշատի, Այնթապի, Աբովյանի, Արմավիրի, Վարդենիսի և Վանաձորի ՀԱԵ-ից։
Համագումարը սկսվեց ջերմ հաղորդակցությամբ, որին հաջորդեց միասնական պաշտամունքը։ Փառաբանության բաժինն առաջնորդեց Բաղրամյան 18-ում Սուրբ Գրքի սերտողության կանանց խմբի անդամներից կազմված երգչախումբը։
Համագումարի պատգամաբերը ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր. Ավետիք Խաչատրյանն էր։ Թեմայի հիմքում քրիստոնյա գրող Մելիսա Քրուգերի հեղինակած «Եվայի նախանձը» գրքի առաջին գլուխն էր՝ «Նախանձի աղաղակը․ աշխարհն անարդար է»։ Վերապատվելին անդրադարձավ Եվայի պատմությանը՝ ընդգծելով, որ նախանձն առաջին մեղքերից մեկն էր, որ ներթափանցեց մարդու սիրտը դեռևս Եդեմի պարտեզում։ Նա հատկապես ընդգծեց այն փաստը, որ ժամանակակից աշխարհում կանայք հաճախ են պայքարում համեմատության և դժգոհության մեղքի դեմ՝ արտաքինի, կենցաղի, ամուսնության, մայրության և սոցիալական սպասումների տարբեր ոլորտներում։
Իր պատգամում վեր. Խաչատրյանը խոսեց նախանձի երեք հիմնական վտանգների մասին. այն խլում է գոհունակությունը, ստեղծում ներքին լարվածություն և վնասում հարաբերությունները։ Մարդը կարող է շատ բան ունենալ, բայց իրեն դատարկ զգալ միայն այն պատճառով, որ ուրիշն ունի «ավելին»։ Նախանձը, ըստ նրա, մարդուն հեռացնում է նաև Աստծուց, քանի որ սիրտն այլևս չի բավարարվում Աստծով։ Ուստի նախանձը պարզապես արտաքին հանգամանքների խնդիր չէ, այլ սրտի մեղավոր օրինաչափություն։
Համագումարի ձևաչափի համաձայն՝ մասնակիցները բաժանվեցին խմբերի և քննարկման հարցերի միջոցով անդրադարձան թեմայի գործնական կիրառությանը։ Կանայք հնարավորություն ունեցան ոչ միայն լսելու, այլև անձնական անդրադարձ կատարելու իրենց կյանքի պայքարներին ու հոգևոր փորձառություններին։
Այս տարվա համագումարներն առանձնացան նաև իրենց ակտիվ և ուրախ մթնոլորտով։ Օրակարգում առաջին անգամ ընդգրկվել էին ակտիվ խաղեր, որոնց ընթացքում մասնակիցները վազեցին, մրցեցին, անկաշկանդ ուրախացան, մրցանակներ ստացան։ Բացի այդ, ստեղծվել էր նաև ձեռքի աշխատանքի հնարավորություն՝ ապահովելով առավել ջերմ ու ստեղծարար միջավայր։
Ալավերդիում համագումարն առանձնահատուկ նշանակություն ուներ, քանի որ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին այս քաղաքում առաջին անգամ էր դառնում նման նախաձեռնության հանգրվան։ Եկեղեցին սիրով իր դռներն էր բացել Ալավերդու, Ստեփանավանի, Թումանյանի և Սպիտակի ՀԱԵ ավելի քան 80 կանանց առաջ։
Օրը սկսվեց քաղցր հյուրասիրությամբ, այնուհետև շարունակվեց ծանոթության խաղերով, որից հետո կանայք միաբանվեցին պաշտամունքի ու փառաբանության շուրջ։
Համագումարի խոսնակը ՀԱԵ հովիվ պատ. Արկադի Հանիսյանն էր։ Հավատարիմ մնալով ընդհանուր թեմային՝ պատվելին անդրադարձավ անտեղի առաջացող անարդարության զգացումին, նախանձի արմատներին, դրա դրսևորման ձևերին և կործանարար հետևանքներին։ Նա շեշտեց, որ նախանձող սիրտը դժվարանում է ուրախանալ ուրիշների օրհնություններով, որովհետև մշտապես կենտրոնացած է իր չունեցածի վրա։ Իսկ նախանձից ազատության ճանապարհը սկսվում է Աստծո բարությանը վստահելուց։ Երբ հավատացյալը գիտակցում է, որ Աստված իմաստուն և սիրող Հայր է, կարողանում է դրսևորել գոհունակություն, երախտագիտություն և ուրախություն նույնիսկ այն ժամանակ, երբ ուրիշներն ունեն այն, ինչ ինքն էր ցանկանում ունենալ։
Ալավերդիում ևս մասնակիցները ներգրավվեցին խմբային քննարկումների մեջ, անձնական անդրադարձ կատարեցին թեմային և գործնական որոշումներ կայացրին իրենց հետագա կյանքի համար։ Օրվա ավարտին քույրերը միասին խաղացին, ձեռքի աշխատանքներ կատարեցին, վայելեցին համեղ հյուրասիրությունն ու աղոթեցին միմյանց կարիքների համար։
Հարկ է նշել, որ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու կանանց ծառայություններն առավել ակտիվացնելու, ինչպես նաև միջեկեղեցական կապերն ամրապնդելու և զարգացնելու նպատակով՝ ՀԱԵ կանանց խորհրդի աշխատանքային խմբի նախաձեռնությամբ առաջին անգամ տարածաշրջանային մեկօրյա համագումարներ են կազմակերպվել ուղիղ տասը տարի առաջ։ Այս մեկ տասնամյակի ընթացքում ոչ միայն կրկնապատկվել է մասնակիցների թիվը, այլև զգալիորեն ընդլայնվել են համագումարների աշխարհագրությունն ու ծառայության հնարավորությունները։
Այս համագումարները շարունակում են յուրահատուկ առիթ լինել ՀԱԵ կանանց համար՝ Աստծո Խոսքով սպառազինվելու, հոգևոր նույն ալիքի վրա գտնվելու և ժամանակակից աշխարհի մարտահրավերներին Աստծո կամքով ու իմաստությամբ դիմակայելու համար։