.
2026թ., Մայիսի 7

Հռոմեացիներին 12. 9-21                                                                       Հինգշաբթի   |   Մայիս 7

 

 

Հույսով ուրախացե՛ք, նեղությանը համբերե՛ք, մշտապես աղոթե՛ք։ Հռ․ 12․12

 

ՀԱՐԱՏԵՎՈՒԹՅՈՒՆ ԱՂՈԹՔԻ ՄԵՋ

 

Մեր մեծ տատիկի՝ Կլարայի մահից հետո նրա՝ ավելի քան երեք մետր երկարությամբ աղոթքների ցանկը դարձավ ընտանեկան ժառանգություն։ Տպագրական մեքենայով գրված էին բազմաթիվ ազգականների, ընկերների, նրա ծանոթների կողմից բարձրաձայնված աղոթքի կարիք ունեցող մարդկանց, ինչպես նաև հայտնի ավետարանիչների, հովիվների և ծառայողների անուններ։ Ցանկի լուսանցքներում ձեռագիր ավելացվել էին նոր անուններ ու աղոթքի կարիքներ։ Ես խորապես հուզվեցի, երբ այնտեղ տեսա մայրիկիս անունը, որը գրանցվել էր նրա ծնվելուց անմիջապես հետո։ 

Պողոս Առաքյալը վաղ եկեղեցու հավատացյալներին գրում էր․ «Հույսով ուրախացե՛ք, նեղությանը համբերե՛ք, մշտապես աղոթե՛ք» (Հռ. 12․12)։ Նա կոչ էր անում հավատացյալներին սերը դրսևորել գործերով՝ ձգտել բարուն և հեռանալ չարից (հ. 9), մյուսներին իրենցից առավել համարել (հ. 10), հոգով ջերմեռա՛նդ ծառայել Տիրոջը (հ. 11), այլոց կարիքներին հաղորդակից լինել և հետևել հյուրասիրությանը (հ. 13)։ Սակայն այս բոլոր բարի գործերը դատարկ կմնան, եթե մեր մեջ չբնակվի Քրիստոսի սերը։ Եվ հենց այստեղ է անհրաժեշտ հարատև աղոթքը։

Առաքյալը խնդրում էր հավատակից եղբայրներին՝ «մարտակից» լինել աղոթքի մեջ (Հռ. 15․30)։ Նա նրանց հորդորում էր աղոթել, որպեսզի Տերը պահպանի իրեն հակառակորդներից և օրհնի իր ծառայությունը Երուսաղեմում (հ․ 31-32)։

Հնարավոր է, որ այս խնդրանքները ևս տեղ են գտել մեծ տատիկի աղոթքների ցանկում:

Աղոթքը մեզ զորություն է տալիս «չարին բարիով հաղթելու» (Հռ. 12․21)։ Եվ նույնիսկ եթե մենք անմիջապես արդյունք չենք տեսնում, մեր հավատարմությունը կարող է բարի ժառանգություն դառնալ գալիք սերունդների համար։



Ու՞մ ենք դիմում աղոթքի խնդրանքով և ու՞մ համար ենք հաճախ աղոթում:

 

Աղոթք  Տե՛ր, օգնի՛ր ինձ աղոթքի մեջ հարատև լինել։ Ամեն։


Աստվածաշունչը մեկ տարում      |      Դ Թագավորների 1-3, Ղուկաս 24. 1-35