Ժողովող 7. 1-10 Երեքշաբթի | Մայիս 5
[մահ] - սա՛ է ամեն մարդու վերջը: Ժող. 7.2
ԿՅԱՆՔ ԵՎ ՄԱՀ
Աշխարհի շատ առաջնորդներ բախվում են իրենց սեփական հուղարկավորությունները պլանավորելու դաժան իրականությանը՝ բազմաթիվ այլ պարտականությունների հետ մեկտեղ, որպեսզի երկիրը պատրաստ լինի պատշաճ կերպով հարգելու նրանց հիշատակը։ Երբ նման առաջնորդներից մեկին հարցրին՝ արդյո՞ք դա տարօրինակ չի, նա պատասխանեց. «Դու պարզապես սովորում ես դրան»։
Մահը սթափեցնող իրականություն է, որի հետ յուրաքանչյուր մարդ անխուսափելիորեն պիտի առերեսվի։ Սողոմոն թագավորը, ով կյանքի իմաստը փնտրում էր հաճույքների, ձեռքբերումների և գիտության մեջ, սակայն այդպես էլ չգտավ, հետագայում գրեց․ «Լավ է սգի տուն գնալ, քան թե խնջույքի տուն» (Ժող. 7․2)։ Դժվար ժամանակները հաճախ մարդուն պարգևում են ավելի խոր իմաստություն ու ինքնաճանաչում, քան անհոգ ու հեշտ անցնող օրերը։ Իսկ երբ սթափորեն ընդունում ենք մահվան անխուսափելիությունը, սկսում ենք առավել գիտակցաբար պատրաստվել այն հավիտենական իրականությանը, որ հաջորդում է նրան։
Նախապատրաստությունը սկսվում է Հիսուս Քրիստոսով մեր մեղքերի ներմամբ, Ով մահացավ մեզ համար և հարություն առավ։ Բոլորը մահանում են, քանի որ մահն աշխարհ եկավ ադամական մեղքի միջոցով, և մենք հետևում ենք նրա ճանապարհին։ Բայց «Ինչպես Ադամով բոլորը մեռնում են, այնպես էլ Քրիստոսով բոլորը կկենդանանան» (Ա Կորնթ. 15.22):
Որքանո՞վ ենք պատրաստ կանգնել մահվան իրականության առաջ։ Ինչպիսի՞ հիշողություն կցանկանայինք թողնել մարդկանց սրտերում մեր մասին։
Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ այն խոստման համար, որ ով հավատում է Քրիստոսին, եթե նույնիսկ մեռնի, պիտի ապրի։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Գ Թագավորների 19-20, Ղուկաս 23. 1-25