Ա Պետրոս 5. 8-11 Շաբաթ | Մայիս 2
Զգո՛ն եղեք, արթո՛ւն եղեք, որովհետև ձեր թշնամին՝ սատանան, մռնչացող առյուծի պես շրջում է և փնտրում, թե ո՛ւմ կուլ տա։ Ա Պետր. 5.8
ԼԱՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Ֆուտբոլի դաշտում դպրոցական թիմը հարձակվում էր հակառակորդի դարպասի վրա։ Հարձակողական խաղը նրանց մեծ ցանկությունն էր։ Սակայն յուրաքանչյուր գոլից հետո մարզիչը նրանց հորդորում էր արագ վերադառնալ և կազմակերպել պաշտպանությունը, ինչը նրանք անում էին դժկամությամբ։ Բոլորը ցանկանում էին գոլ խփել, բայց ոչ ոք չէր շտապում կանգնել պաշտպանության գծում։
Մարզիչը սովորեցնում էր, որ հաղթանակի բանալին մրցակցի քայլերը կանխատեսելն է։ Դարպասի ուղղությամբ կատարված փոխանցումը կամ հարվածի կասեցումը նշանակում է խափանել նրանց ծրագրերը և մոտեցնել հաղթանակը։
Այս ռազմավարությունն օգտակար է նաև հոգևոր կյանքում։ Իսկ ո՞վ է մեր հակառակորդը։ Պետրոս Առաքյալը մեզ հիշեցնում է. «Ձեր թշնամին՝ սատանան, մռնչացող առյուծի պես շրջում է և փնտրում, թե ո՛ւմ կուլ տա» (Ա Պետր. 5.8)։ Հետևաբար, «զգո՛ն եղեք» և «արթո՛ւն եղեք»։ Մենք կոչված ենք դիմադրել թշնամուն «հաստատ հավատքով» (հ. 9)։
Ակտիվ պաշտպանությունը մեզ ավելի արդյունավետ է դարձնում թե՛ կյանքում, թե՛ ծառայության մեջ։ Իսկ եթե հոգևոր անկումներ ունենանք, ապա շնորհի Աստված Ինքը կվերականգնի, կամրացնի, կզորացնի, հաստատահիմն կդարձնի մեզ (հ. 10)։ Նա է մեր ամուր պաշտպանությունը։
Ո՞ր ոլորտներում է մեզ համար դժվար հոգևորապես արթուն մնալը։
Ինչպե՞ս կարող ենք դառնալ ավելի զգոն և ուշադիր։
Աղոթք – Տե՛ր, երբ կորցնում եմ զգոնությունս, հիշեցրու՛ ինձ Քո պաշտպանության մասին և պահի՛ր խաղաղությանդ մեջ։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Գ Թագավորների 12-13, Ղուկաս 22. 1-20