Ծնունդ 18․1-15 Ուրբաթ | Մայիս 1
Տերը երևաց Աբրահամին Մամբրեի կաղնիների մեջ, երբ օրվա տաք ժամանակ նա նստել էր վրանի դռանը։ Ծն․ 18․1
ԱՍՏԾՈ ԸՆԴՀԱՏՈՒՄՆԵՐԸ
Ես կանգնած էի տատանվող սանդուղքի վրա և կենտրոնացումս ամբողջությամբ պատի հարթեցման գործընթացի վրա էր։ Հանկարծ բարձր ձայն լսվեց։ Հինգ տարեկան աղջիկս կանգնած էր ներքևում և, տեսնելով, թե ինչպես վախեցա, երջանկությունից աչքերը սկսեցին փայլել։ Ես զայրացած ասացի․ «Դու ինձ մահվան չափ վախեցրիր»։ Նա անմիջապես տխրեց ու կամաց ասաց․ «Հայրի՛կ, խնդրում եմ, մի՛ մահացիր»։ Դեռ հուզված ու վախեցած, բայց նաև ցավ զգալով, որ նրան նեղացրի, ես իջա սանդուղքից, գրկեցի նրան և մենք հաշտվեցինք։
Աշխատանքի ընթացքում տեղի ունեցած այդ անսպասելի դադարը դարձավ մեր հարաբերությունների առանձնահատուկ պահը։ Աստված նույն կերպ է գործում։ Նա հանկարծակի հայտնվեց Աբրահամին (Ծն. 18.1) երեք անծանոթների տեսքով, ովքեր եկան նրա վրանը (հ. 2)։ Աբրահամը, հավանաբար, հանգստանում էր, բայց սիրալիր ընդունեց անծանոթներին (հ. 3-8)։
Այդ այցելուները կարևոր ու ճակատագրական լուր բերեցին․ «Քո կինը՝ Սառան, մի որդի կունենա» (հ. 10)։ Զարմանալի չէ, որ տարեց Սառան այդ անսպասելի խոսքից ծիծաղեց (հ. 13)։
Հանկարծակի ընդհատումները մեզ դուրս են բերում մեր սովորական ընթացքից։ Մենք կարող ենք արձագանքել անվստահությամբ, ինչպես Սառան, կամ նյարդայնացած, ինչպես ես։ Սակայն սովորենք Աբրահամից, ով հավատով ընդունեց այդ անսպասելի այցելությունը։ Յուրաքանչյուր ընդհատման մեջ կարելի է տեսնել Աստծո ձեռքը, Նրա ծրագիրը, նպատակը և հոգատարությունը մեր հանդեպ։
Արդյո՞ք մեր կյանքում եղել են պահեր, երբ Աստված անսպասելի ընդհատումների միջոցով փոխել է մեր ընթացքը։ Ինչպե՞ս կարող ենք նման իրավիճակներում պահպանել խաղաղություն՝ հենվելով Նրա առաջնորդության վրա։
Աղոթք – Տե՛ր, օգնի՛ր յուրաքանչյուր իրավիճակում լսել Քո ձայնը և հետևել Քեզ, ուր էլ որ առաջնորդես մեզ։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Գ Թագավորների 10-11, Ղուկաս 21. 20-38