Անգե 1. 1, 5-11 Հինգշաբթի | Ապրիլ 30
Եվ հիմա Զորքերի Տերն այսպես է ասում. «Ուշադրությո՛ւն դարձրեք ձեր ճանապարհներին»։ Անգե 1․5
ԱՍՏԾՈ ՃԱՆԱՊԱՐՀԸ
Քենը խուսափում էր միգրանտ աշխատողներից, ովքեր ապրում էին իր հարևանությամբ։ Նրանց սովորություններն ու կենսակերպը նյարդայնացնում էին նրան։ Բայց մի օր, երբ նա աղոթում էր, Աստված նրան մի միտք տվեց․ «Նրանք երկար տարիներ ապրում են քո հարևանությամբ, իսկ դու երբեք չես կիսվել նրանց հետ Ավետարանի բարի լուրով։ Արդյո՞ք սա քրիստոնեական վերաբերմունք է»։
Աստվածաշունչը պատմում է, թե ինչպես Աստված նման խոսքերով դիմեց իսրայելացիներին․ «Ուշադրությո՛ւն դարձրեք ձեր ճանապարհներին» (Անգե 1․7)։ Բաբելոնյան գերությունից հետո Հուդայի ժողովուրդը վերադարձավ Երուսաղեմ։ Աստված արթնացրեց «պարսից թագավոր Կյուրոսի հոգին» (Եզր․ 1․1), և նա հրամայեց սկսել տաճարի կառուցումը ու դրա համար միջոցներ հատկացրեց (հ․ 2-4)։ Սակայն հիմքը դրվելուց հետո հարևան ժողովուրդների կողմից դիմադրության արժանացավ (Եզրաս 4․1-5), և աշխատանքը կանգ առավ գրեթե տասնչորս տարի։
Ապա, Անգե մարգարեի միջոցով, Աստված խոսեց հրեաների հետ. «Ուշադրությո՛ւն դարձրեք ձեր ճանապարհներին… այս Տունն ավերակ մնաց … ձեզանից յուրաքանչյուրը իր տնով է զբաղված» (Անգե 1․4, 7, 9): Աստված կարծես ասում էր․ «Խորհե՛ք ձեր կյանքի մասին։ Արդյո՞ք անում եք այն, ինչ Ես ձեզ պատվիրել եմ»։
Տերը պատժեց Իր ժողովրդին անհնազանդության համար (հ․ 5-11), բայց երբ հրեաները վերսկսեցին շինարարությունը, Նա խրախուսեց նրանց՝ Անգեի միջոցով ասելով. «Ես ձեզ հետ եմ․․․ մի՛ վախեցեք» (Անգե 2․4-5): Տաճարի կառուցման աշխատանքներն ավարտվեց հինգ տարուց էլ քիչ ժամանակում:
Կյանքի ո՞ր ոլորտում է անհրաժեշտ, որ մենք «ուշադրություն դարձնենք մեր ճանապարհներին»։ Եկե՛ք խնդրենք Աստծուն, որպեսզի ցույց տա մեզ մեր սխալ ճանապարհները և օգնի ճիշտ որոշումներ կայացնել։
Աստծո ճանապարհն ինչո՞վ է տարբերվում մեր ընտրած ճանապարհից։
Ի՞նչ պետք է փոխենք մեր կյանքում, որպեսզի իսկապես հնազանդվենք Նրան։
Աղոթք – Տե՛ր, օգնի՛ր ինձ քայլել Քո ճանապարհով և վստահել Քո առաջնորդությանը։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Գ Թագավորների 8-9, Ղուկաս 21. 1-19