.
2026թ., Ապրիլի 29

Հոբ 19. 5-12                                                                                        Չորեքշաբթի   |   Ապրիլ 29

 

 

Իմացե՛ք ուրեմն, որ Աստված է ինձ տապալել ու իր ցանցով ինձ պատել։ Հոբ 19․6

 

ԱՆԿԵՂԾՈՒԹՅՈՒՆ ԱՍՏԾՈ ԱՌԱՋ

 

Հոլոքոսթի սարսափներից հետո Էլի Վիզելը կորցրեց իր հավատը։ «Որտե՞ղ էիր, Աստված իմ», - աղաղակում էր նա՝ հիշելով իր և ուրիշների ապրած մղձավանջը։ «Ես մարդկանցից ոչինչ չէի սպասում, սակայն Քեզնից սպասում էի»։

Այնուամենայնիվ, հետագայում Վիզելը հասկացավ, որ իր հավատը երբեք չէր լքել իրեն: «Անհնար է բարկանալ մեկի վրա, ում գոյությանը չես հավատում: Ես Աստծո վրա բարկանում էի հենց այն պատճառով, որ հավատում էի Նրան, և անկեղծ ասած, մինչ այսօր էլ երբեմն բարկանում եմ»,- խոստովանում է Էլին:

Մենք երբեմն անհարմար ենք զգում Աստծո առաջ մեր բարկությունն արտահայտելիս, սակայն Աստվածաշնչի հերոսները դա արել են բազմիցս։ «Ո՜վ Տեր, մինչև ե՞րբ ես մոռանալու ինձ բոլորովին», - հարցնում էր Դավիթը (Սաղմ. 13․1)։ Հոբը նույնպես բողոքում էր․ «Աստված է ինձ տապալել ու իր ցանցով ինձ պատել» (Հոբ 19․6)։ Չիմանալով իր տառապանքների մեջ սատանայի դերի մասին՝ Հոբը նույնիսկ մեղադրում էր Աստծուն անարդարության մեջ և ցանկանում էր դատի կանգնել Նրա առաջ (Հոբ 10․3, 31․35)։ Հետագայում, իհարկե, նա ընդունեց իր հասկացողության սահմանափակ լինելը (Հոբ 42:3), բայց կարևոր է նկատել՝ Աստված երբեք չդատապարտեց նրան իր բարկության համար։

Չնայած իր բազմաթիվ հարցերին՝ Էլի Վիզելն աղոթեց. «Տե՛ր, արի միասին հասկանանք։ Անտանելի է այդքան երկար ժամանակ Քեզնից բաժանված լինելը»։ Մենք նույնպես կարող ենք նեղանալ Աստծուց՝ սխալ հասկանալով Նրա նպատակը։ Բայց, ամենակարևորը, Նրա հետ անկեղծ լինելն է։ Նույնիսկ մեր զայրույթը կարող ենք բերել Տիրոջ առաջ։

 

Ինչպե՞ս կարող է Հոբի պատմությունն օգնել մեզ արտահայտել մեր զգացմունքները և պահպանել ճիշտ տեսանկյունը։

 

Աղոթք – Տե՛ր, երբեմն ես չեմ հասկանում լռությունդ, բայց առջևդ եմ բերում սիրտս ու մտածմունքներս՝ վստահելով Քո իմաստությանն ու սիրուն։ Ամեն։



Աստվածաշունչը մեկ տարում      |      Գ Թագավորների 6-7, Ղուկաս 20.27-47