.
2026թ., Ապրիլի 28

Ելք 23.20-2                                                                                            Երեքշաբթի   |   Ապրիլ 28

 

 

Ահա ես մի հրեշտակ եմ ուղարկելու քո առաջ, որպեսզի ճանապարհին պահպանի քեզ։ Ելք 23.20



ՊԱՀԱՊԱՆ ՀՐԵՇՏԱԿՆԵՐ

 

Քանի որ բժշկական հետազոտությունները մեծ ժամանակ էին զբաղեցնում Բենի օրակարգի մեջ, նա իրեն շատ կոտրված և հոգնած էր զգում: Երբ բժիշկներն ահազանգեցին, որ այդքան հետազոտությունների պատճառը նրա օրգանիզմում քաղցկեղի առկայության կասկածն է, Բենը տագնապեց: Սակայն ամեն օր Աստված հավատարմորեն քաջալերում էր նրան Իր ներկայության և շարունակական խաղաղության խոստումներով, երբ նա աղոթքով դիմում էր Տիրոջը կամ կարդում Աստվածաշունչ: Նա պայքարում էր անորոշության դեմ և հաճախ սովորում էր Աստծո ուսերին դնել «ինչ կլիներ, եթե»-ն: Մի առավոտ, երբ սովորության համաձայն Աստվածաշունչ էր կարդում, Ելք 23-րդ գլխում մի հատված գրավեց Բենի ուշադրությունը, որն ապշեցրեց և հույսով լցրեց նրա սիրտը մեծ վիրահատությունից առաջ:

Աստված Մովսեսի միջոցով խոսեց Իր ժողովրդի՝ իսրայելացիների հետ, և տվեց Իր օրենքները՝ առաջնորդելով նրանց դեպի խոստացված երկիր (հ. 14-26): Բայց այս հրահանգների մեջտեղում Աստված խոստացավ իր ժողովրդին, որ հրեշտակ կուղարկի նրանց առաջ, որպեսզի ճանապարհին պահպանի նրանց ու տանի Իր պատրաստած տեղը (հ. 20): Թեև սա Բենի կյանքի իրավիճակը չէր, բայց նա հիշում էր, որ հրեշտակների հոգալու մասին հիշատակվում էր նաև Սաղմոսներում. «Որովհետև քեզ համար հրամայել է իր հրեշտակներին, որ պահեն քեզ քո բոլոր ճանապարհների մեջ» (Սաղմոս 91.11)։

Իսկ Եբրայեցիներին ուղղված նամակում գրված է, որ Աստված հրեշտակներ է ուղարկում՝ որպես «սպասավորող հոգիներ՝ ուղարկված ծառայելու նրանց, ովքեր փրկությունը պիտի ժառանգեն» (Եբր. 1.14)։

Եթե ​​մենք ճանաչում ենք Քրիստոսին, Նրա հրեշտակները պաշտպանում են մեզ:

 

Ի՞նչ կարող է Աստված անել մեզ համար Իր հրեշտակների միջոցով:

Ինչպե՞ս է սա քաջալերում մեզ:

 

Աղոթք – Սիրելի՛ Տեր, շնորհակալ եմ, որ միշտ մեր կողքին ես, և հրեշտակներ ես կարգել՝ պահպանելու զավակներիդ։ Ամեն։





Աստվածաշունչը մեկ տարում      |      Գ Թագավորների 3-5, Ղուկաս 19.28-48