.
2026թ., Ապրիլի 27

Երեմիա 18. 1-6                                                                                   Երկուշաբթի   |   Ապրիլ 27

 

 

․․․նա դարձյալ մի ուրիշ անոթ շինեց, ինչպես որ հաճելի էր բրուտի աչքին։ Եր․ 18․4

 

ԱՍՏԾՈ ԿԱՎԸ

 

Ադելաիդա Փոլարդի մասին քիչ բան է հայտնի, և սա որոշ առումով խորհրդանշական է։ Նա Աստծո խոնարհ ծառա էր, ով չէր փնտրում ճանաչում և փառք ուրիշների կողմից։ Քառասուն տարեկանում նա որոշեց որպես միսիոներ գնալ Աֆրիկա, սակայն այդ ճանապարհը փակվեց նրա առաջ։ Սկզբում Ադելաիդան տխրեց, բայց հետո հիշեց Աստվածաշնչից մեկ համար. «Ինչպես որ կավն է բրուտի ձեռքին, նույնպես դուք՝ իմ ձեռքին» (Եր․ 18․6)։

Երեմիայի գրքում ներկայացված պատկերը մեզ շատ բան կարող է ասել․ «Կավե անոթը, որ բրուտը պատրաստում էր կավից, փչացավ նրա ձեռքում, և նա կրկին այն վերամշակեց՝ դարձնելով մեկ այլ անոթ, ինչպես որ բրուտը նպատակ ուներ» (հ․ 4)։ Սա պատկերում է այն, թե ինչպես է Աստված փոխում մեզ՝ Իր նպատակների համար։ Անկախ նրանից, թե ինչպիսին ենք մենք պատկերացնում մեր կոչումը, Նա կարող է այլ ծրագիր ունենալ։ «Ինչպես որ կավն է բրուտի ձեռքին, նույնպես դուք՝ իմ ձեռքին» (հ․ 6)։

 Հետագայում Ադելաիդան գրեց մի երգ, որն իր մեջ ներառում էր հետևյալ խոսքերը՝ «Դու իմ Բրուտն ես, ես՝ Քո կավը»։ Նա հասկացավ, որ իր ծրագրերի չեղարկման այդ ժամանակաշրջանն Աստված գործածեց ավելի մեծ ծրագրի համար։ Այդ շրջանի նրա հեղինակած երգերը, օրինակ՝ «Աստված, թող Քո կամքը լինի» հիմնը, ոգեշնչեց միլիոնավոր քրիստոնյաների։

Երբ մեզ թվում է, թե Աստված մեզ պահում է «սպասման փուլում», արժե խորհել, թե ինչպես է Նա ցանկանում փոխել մեր կյանքի ուղղությունը։ Լավագույն որոշումը՝ վստահել Նրան, և թույլ տալ, որ Նա գործի մեր կյանքում ու իրականացնի ավելի մեծ նպատակ։

 

Ինչպե՞ս կարող ենք հնազանդությամբ և վստահությամբ թույլ տալ, որ Աստված գործի մեր կյանքում։

 

Աղոթք – Տե՛ր, սովորեցրո՛ւ ինձ խոնարհությամբ վստահել Քեզ և խաղաղությամբ ընդունել Քո կամքն իմ կյանքում։ Ամեն:



Աստվածաշունչը մեկ տարում      |      Գ Թագավորների 1-3, Ղուկաս 19.28-48