Ապրիլի 18-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքը դարձավ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու (ՀԱԵ) տղամարդկանց այս տարվա մեկօրյա տարածաշրջանային համագումարների եզրափակիչ կանգառը։ Տեղական եկեղեցին իր դռները բացեց Գորիսից, Կապանից և Սիսիանից ժամանած շուրջ 40 եղբայրների առաջ՝ ստեղծելով միասնականության ու հոգևոր աճի մթնոլորտ։
Այս տարվա առանձնահատկություններից մեկն այն էր, որ համագումարներն անցկացվեցին այն քաղաքներում, որտեղ նախկինում նման ձևաչափով հանդիպումներ չէին կազմակերպվել։ Գորիսը ևս առաջին անգամ էր հյուրընկալում այս նախաձեռնությունը, որը, ինչպես և մյուս համայնքներում, դարձավ խթան տղամարդկանց ներգրավման և ծառայության զարգացման համար։
Հանդիպումն ընթացավ կենդանի ու անմիջական միջավայրում․ ծանոթությունները, ազատ շփումն ու միասնական սեղանը նպաստեցին եղբայրական կապերի ամրապնդմանը։ Օրվա ընթացքում ձևավորվեց վստահության այնպիսի մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուր մասնակից կարող էր ոչ միայն լսել, այլև կիսվել իր մտքերով ու փորձառությամբ։
Հոգևոր հատվածում կենտրոնական տեղ զբաղեցրեց Գաբեսի աղոթքը (Ա Մնացորդաց 4․9-10), որի շուրջ խոսնակը՝ Արթուր Իսրաելյանը, առանձնացրեց չորս առանցքային ուղղություն՝ դրանք ներկայացնելով որպես հավատացյալի կյանքի գործնական ուղենիշներ.
«Ո՜հ, եթե օրհնեիր ինձ…» — Աստծուց օրհնություն խնդրելը կապվեց հնազանդության հետ՝ հիշեցնելով, որ օրհնությունն ուղիղ կապված է Տիրոջ Խոսքը լսելու պատրաստակամության հետ (Բ Օր. 11․26-27)։
«Ընդարձակեիր իմ սահմանը…» — շեշտվեց, որ հավատացյալի կոչումը սահմանափակված չէ անձնական շրջանակով, այլ ուղղված է Ավետարանի տարածմանը (Մարկ. 16․15)։
«Ձեռքդ ինձ վրա լիներ…» — ընդգծվեց Աստծո ներկայության և պաշտպանության կարևորությունը, երբ մարդը վստահում է Իրեն (Սաղմ. 91․1)։
«Ազատեիր ինձ չարից…» — հիշեցում եղավ հոգևոր պայքարի մասին, որտեղ հաղթանակը գալիս է Աստծուն հնազանդվելու և չարին դիմադրելու միջոցով (Հկբ. 4․7)։
Այս չորս կետն առավել խորությամբ քննարկվեցին փոքր խմբերում, որտեղ մասնակիցները փորձեցին դրանք դիտարկել իրենց առօրյա կյանքի հարթության մեջ՝ խոսելով անձնական սահմանների, վախերի, պատասխանատվության և հավատքի գործնական դրսևորումների մասին։
Գորիսի հանդիպումն առանձնացավ իր մտերմիկ ձևաչափով և ներգրավվածությամբ․ այստեղ առավել ակնհայտ էր, թե ինչպես փոքրաթիվ, բայց նվիրված խմբերը կարող են դառնալ կենդանի ու ազդեցիկ համայնքներ:
Այսպիսով, երեք տարբեր տարածաշրջանում անցկացված համագումարների շարքը եզրափակվեց Գորիսում՝ ամրապնդելով այն համոզումը, որ Աստծուն փնտրող և Նրա կամքը կատարելու ձգտող տղամարդիկ կարող են իրական փոփոխություն բերել թե՛ իրենց կյանքում, թե՛ իրենց համայնքներում։