Հեսու 3.9-11, 13-17 Ուրբաթ | Ապրիլ 24
․․․ինչպես որ Մովսեսի հետ էի, այնպես էլ քեզ հետ կլինեմ։ Հեսու 3․7
ԿՅԱՆՔԻ ԱՆՑՈՒՄՆԵՐ
Մեկնելով դեպի Ալյասկայի անտառներ՝ Քրիս Մաքքենդլիսը նախատեսում էր մի քանի ամիս անց վերադառնալ։ Դա ապրիլ ամիսն էր։ Նա անցավ Տեկլանիկա գետը, որից հետո ձյան հալոցքն այն երկար ժամանակով վերածեց կատաղի հեղեղի։ Մաքքենդլիսը չկարողացավ վերադառնալ և մահացավ սովից։ Նրա ողբերգական մահվան պատմության հիման վրա գիրք գրվեց և ֆիլմ նկարահանվեց։
Հին Իսրայելը նույնպես կանգնած էր վարարած Հորդանան գետի առջև՝ պատրաստվելով մտնել Ավետյաց երկիր (Հես․ 3․15): Սա փորձություն էր, որը նախատեսված էր իսրայելացիների հավատքն ամրապնդելու համար: Աստված ասաց Հեսուին. «Այսօր կսկսեմ քեզ բարձրացնել բոլոր իսրայելացիների աչքին, որպեսզի իմանան, թե ինչպես որ Մովսեսի հետ էի, այնպես էլ քեզ հետ կլինեմ» (հ․ 7):
Հեսուն ասաց ժողովրդին. «Ահա ամբողջ երկրի Տիրոջ ուխտի տապանակը պիտի անցնի ձեր առջևից Հորդանան գետի միջով» (հ․11): Քահանաները մտան գետը՝ տապանակը վերցնելով, և «վերևից իջնող ջրերը կանգնեցին» (հ․ 15-16): «․․․ամբողջ ժողովուրդը վերջացրեց Հորդանան գետի անցումը» (հ․17):
Ժամանակ առ ժամանակ բոլորս էլ կանգնում ենք «անցումների» առաջ՝ դժվար իրավիճակների, որոնք կարող են ամրապնդել մեր հավատքը, եթե դիմենք Նրան, ով հարթում է ճանապարհը։ Ամենաբարդ «անցումն» այս կյանքից դեպի հավիտենություն անցնելն է։ Բայց որքան էլ լայն ու խոր լինի գետը, Աստված, Ով Մովսեսի, Հեսուի և Իսրայելի հետ էր, կանցկացնի նաև մեզ այդ ճանապարհով։
Ո՞ր «անցումն» ենք այսօր հաղթահարում։ Ինչպե՞ս է Աստված ցույց տվել Իր զորությունը մեր կյանքում նման անցումների ժամանակ։
Աղոթք – Շնորհակալ եմ, Տե՛ր, որ Դու ճանապարհ ես հարթում այնտեղ, որտեղ մենք ինքնուրույն չենք կարող ընթանալ։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Բ Թագավորների 19-20, Ղուկաս 18. 1-23