Ա Մնացորդաց 17. 16-22 Երկուշաբթի | Ապրիլ 20
Ո՞վ եմ ես, Տե՛ր Աստված, և ո՞րն է իմ տունը, որ ինձ բերեցիր մինչև այստեղ։
Ա Մնաց․ 17․16
ԽՈՆԱՐՀ ԶՈՀԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ
Օդաչուն և նրա երկու դուստրը թռչում էին Ալյասկայի վրայով՝ տեսարժան վայրեր դիտելու։ Սակայն նշանակված ժամանակին նրանց փոքր ինքնաթիռը դեռ չէր վերադարձել օդանավակայան։ Տեղացի օդաչուները մեկնեցին որոնողական աշխատանքների։ Մի քանի ժամ անց նրանցից մեկը՝ Թերրի Գոդեսը, նկատեց վթարի ենթարկված ինքնաթիռը սառցակալած լճի վրա։ Հայրն ու դուստրերը կանգնած էին թևերի վրա՝ չկարողանալով հասնել ափ։ Ազգային գվարդիան շուտով փրկեց երեքին էլ։ Գոդեսը զոհաբերեց իր ժամանակն ու ռեսուրսները, և դա անելով՝ փրկեց մի քանի կյանք։ Նա համեստորեն խոստովանում է. «Ես պարզապես առաջինն էի, ով տեսավ ընկած ինքնաթիռը»։
Դավիթ թագավորը նույնպես շատ բան զոհաբերեց Իսրայելի ժողովրդի համար։ Նա նույնիսկ իր կյանքը վտանգեց՝ պայքարելով Աստծո ժողովրդի թշնամիների դեմ (Ա Մնաց․ 14․8-17)։ Այնուհետև Նաթան մարգարեն հայտարարեց, որ Տերը հավիտյան կհաստատի Դավթի գահը՝ մի մարգարեություն, որը կատարվեց Քրիստոսի մեջ (Ա Մնաց․ 17․14, Ղուկ․ 1․30-33)։ Դավիթը խոնարհաբար պատասխանեց. «Ո՞վ եմ ես, Տե՛ր Աստված, և ո՞րն է իմ տունը, որ ինձ բերեցիր մինչև այստեղ» (Ա Մնաց․ 17․16)։ Նա հասկացավ, որ իր ամբողջ կյանքը դասավորվել է Արարչի կամքի համեմատ (հ․19)։ Ոչ թե Դավիթը, այլ Աստված Ինքը փրկություն և ազատագրում ապահովեց նրա և ամբողջ ազգի համար (հ․ 20-22)։
Հիսուս Քրիստոսը նույնպես «խոնարհեցրեց Իրեն» և կատարեց ամենամեծ զոհաբերությունը մեր փրկության համար (Փիլ. 2․8):
Ինչո՞ւ է Աստծո առաջ խոնարհությունն այդքան կարևոր։
Ի՞նչ է նշանակում մեզ համար խոնարհաբար նվիրվել Իրեն։
Աղոթք – Տե՛ր, օգնի՛ր խոնարհությամբ հետևել Քեզ։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Բ Թագավորների 9-11, Ղուկաս 15. 11-32