Թվեր 5. 5-10 Կիրակի | Ապրիլ 19
Երբ մի տղամարդ կամ մի կին, մարդկային որևէ մեղք գործելով մեղանչի Տիրոջ դեմ, և այդ անձը հանցավոր լինի, այն ժամանակ նա թող խոստովանի իր արած մեղքը և ամբողջապես հատուցի պատճառած վնասը: Թվ․ 5․6-7
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Մի դատավոր անսովոր մոտեցում ցուցաբերեց գողության համար դատավճիռ կայացնելիս։ Նա մեղավորներին դատապարտեց հասարակական աշխատանքի, մասնավորապես՝ սուպերմարկետի ավտոկայանատեղիում մեքենաներ լվանալ։ Դատավորը հույս ուներ, որ դա կնվազեցնի դատապարտվածների գողանալու ցանկությունը և կդառնա տեսանելի հիշեցում հետևանքների մասին։ «Հանցագործություններն ունեն հետևանքներ, և կարևոր է ընդունեք ձեր պատասխանատվությունը», - ընդգծեց նա։
Այս դատավճիռը հիշեցրեց ինձ Մովսեսի օրենքի մեկ կանոն. երբ ինչ-որ մեկը մարդկային որևէ մեղք գործի, թող խոստովանի և ամբողջապես հատուցի պատճառած վնասը (Թվ․ 5․6-7)։ Սա ցույց է տալիս, թե որքան կարևոր է ընդունել սխալները, խոստովանել մեղքերը և ձգտել վերականգնման։ Այն նաև պարունակում է խոր հոգևոր ճշմարտություն` յուրաքանչյուր մեղք գործվում է Տիրոջ դեմ (հ․ 6):
Ճիշտ այնպես, ինչպես հանրային վայրերում մեքենաներ լվանալը խոնարհեցնում է մարդուն՝ հորդորելով խորհել և ընդունել պատասխանատվության զգացումը, այնպես էլ Աստված հրավիրում էր Իսրայելին ճանաչել իրենց մեղքերը, խոստովանել դրանք և ներողամտություն հայցել։ Իրական ազատությունը գալիս է այն ժամանակ, երբ ընդունում ենք ճշմարտությունը, ուղղում սխալները և ընդունում Աստծո շնորհը։
Եկե՛ք այսօր Աստծո առաջ անկեղծորեն խորհրդածենք մեր կյանքի մասին։ Փնտրենք հաշտություն և հատուցում այնտեղ, որտեղ դրա անհրաժեշտությունը կա (Մատթ․ 5․23-24, Ղուկ․ 19․8-10), և այդժամ Նրա ողորմությունն ու ներումը մեզ իրական վերականգնում կպարգևեն։
Ինչպե՞ս կարող ենք հաշտվել այն մարդու հետ, ում վիրավորել ենք։
Ինչո՞ւ է Աստվածաշունչը կարևորում հատուցել պատճառած վնասը։
Աղոթք – Տե՛ր, ցույց տո՛ւր իմ սխալները, խոնարհ սիրտ տո՛ւր ապաշխարելու և առաջնորդի՛ր հաշտության և վերականգնման ճանապարհով։
Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Բ Թագավորների 6-8, Ղուկաս 15. 1-10