Հովհաննես 11․17-44 Հինգշաբթի | Ապրիլ 16
Երբ Հիսուսը տեսավ, որ նա և նրա հետ եկած հրեաները լաց են լինում, հոգով խռովվեց և հուզվեց։ Հովհ․ 11․33
ԱՍՏՎԱԾ՝ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆԸ
Եղբորս մահը խոր թախիծով լցրեց սիրտս. նա չափազանց վաղ հեռացավ այս աշխարհից: Մահն անասելի ցավ է պատճառում, և վիշտը բազմակողմանի է։ Այն հուզական արձագանք է սիրելի մեկի կորստին։ Եվ որքան մխիթարական է իմանալ, որ Աստված մեր կողքին է անգամ մեր կյանքի «գերեզմանոցներում»։
Ղազարոսի մահն արտացոլում է այն, ինչը տեղի է ունենում կորուստ ապրող շատ ընտանիքներում. հիվանդություն (Հովհ․ 11․1), ապաքինման հույս (հ․ 3), հիասթափություն «անպատասխան» աղոթքից հետո, և մահվան անդառնալիություն: Երբ Հիսուսը եկավ, նրան արդեն չորս օր գերեզմանի մեջ դրված գտավ: Մարթան ընդառաջ գնաց Հիսուսին և ասաց. «Տե՛ր, եթե այստեղ լինեիր, իմ եղբայրը չէր մահանա», - (հ․ 21): Ասես ոչինչ այլևս հնարավոր չէր փոխել։
Երբ Հիսուսը տեսավ, որ նրանք լաց են լինում, հոգով խռովվեց և հուզվեց։ Այնուհետև հարցրեց, թե որտեղ են նրան դրել (հ․ 34): «Քո եղբայրը հարություն կառնի»-, խոստացավ Հիսուսը, այդ դեպքում ինչո՞ւ լաց լինել։ Հավանաբար, մի քանի պատճառ կար, չնայած մեկի մասին մենք իմանում ենք գլխի հենց սկզբում. «Հիսուսը սիրում էր Մարթային, նրա քրոջն ու Ղազարոսին» (հ․ 5)։ Վիշտը սիրո գինն է։ Նրանց վիշտը դարձավ Նրա վիշտը։ Գերեզմանի մոտ կանգնած՝ Հիսուսը, որպես մարդ, կիսեց նրանց վիշտը։ Եվ ապա, որպես Աստված՝ Նա ցույց տվեց նրանց և մեզ, որ մահը վերջը չէ։
Վերջերս ինչի՞ համար ենք սգացել կամ ցավ ապրել: Ինչպե՞ս կարող է Հիսուսի կերպարը գերեզմանի մոտ մեզ հանգստություն և հույս ներշնչել:
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհակալ եմ, որ ինձ հետ ես, երբ ամեն ինչ անհույս է թվում։ Օգնի՛ր հիշել, որ երբեք մենակ չեմ տխրության պահին, և որ Քրիստոսի սերը միշտ ինձ հետ է։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Ա Թագավորների 30-31, Ղուկաս 13. 23-35