Ապրիլի 13-ին հանդիսավորությամբ նշվեց Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու (ՀԱԵ) և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) «Շողիկ» մանկապատանեկան հանդեսի 25-ամյակը՝ համախմբելով թե՛ այն մարդկանց, ովքեր տարբեր տարիներին իրենց նվիրումով ու աշխատանքով մասնակցել են հանդեսի ստեղծմանն ու զարգացմանը, թե՛ նրանց, ովքեր գնահատում են «Շողիկ»-ի առաքելությունը՝ կրթության, ազգային ինքնության պահպանման և մանուկներին ու պատանիներին հոգևոր արժեքների փոխանցման գործում։ Քառորդ դար հանդեսը եղել է ոչ միայն մշակութային ու դաստիարակչական հարթակ, այլև սերունդներ ձևավորող կարևոր միջավայր՝ հարստացնելով երեխաների աշխարհը գիտելիքով, հոգևոր արժեքներով և ստեղծագործական ոգով։
Եռամսյակը մեկ լույս տեսնող «Շողիկ»-ը տարիներ շարունակ սպասված հյուր է եղել ինչպես ընտանիքներում, այնպես էլ կրթական և հոգևոր հաստատություններում։ Այս ընթացքում լույս է տեսել շուրջ 100 համար, որոնցից յուրաքանչյուրն իր նշանակալի ներդրումն է ունեցել երեխաների բազմակողմանի դաստիարակության գործում։
Հոբելյանական հանդիսության ընթացքում հյուրերը հնարավորություն ունեցան տեսանյութերի միջոցով նախ վերադառնալ հանդեսի սկզբնական տարիներին՝ վերհիշելով ստեղծման ճանապարհի դժվարություններն ու առաջին ձեռքբերումները, այնուհետև ծանոթանալ «Շողիկ»-ի զարգացման ընթացքին՝ նոր բաժինների ձևավորում, թեմատիկ ընդլայնում, ընթերցողների շրջանակի աճ։ Երկրորդ տեսանյութը բացահայտեց նաև այն ազդեցությունը, որ հանդեսը թողել է իր նախկին ընթերցողների կյանքում։ Երրորդ տեսանյութը ներկայացրեց հանդեսի ներկայիս ուղին և ապագայի տեսլականը՝ շեշտելով, որ «Շողիկ»-ը շարունակում է զարգանալ՝ պահպանելով իր հիմնարար արժեքները և միաժամանակ ընդունելով նորարարական մոտեցումներ։
Կարևորվեց նաև «Շողիկ» մանկապատանեկան հանդեսի ինտերակտիվ բնույթը․ տարիների ընթացքում «Շողիկ»-ի էջերում տեղ գտած խաղերը, գլուխկոտրուկներն ու մրցույթները խթանել են երեխաների մտածողությունը, ստեղծագործականությունը և ակտիվ մասնակցությունը։ Շատերի համար դրանք դարձել են առաջին հաջողության և ինքնադրսևորման փորձառություն։
Ժամանակի պահանջներին համընթաց՝ «Շողիկ»-ը տեղափոխվել է նաև թվային հարթակ։ Հանդեսի ներկայիս գեղարվեստական խմբագիր Հասմիկ Հարությունյանը ներկայացրեց Shoghik.am կայքը, որը հնարավորություն է տալիս օգտվել հանդեսի տարբեր տարիների նյութերից՝ հասանելի դարձնելով դրանք թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար։
Միջոցառման առանձնահատուկ պահերից էր Ստեփանավանում ՀԱԵ մանկական երգչախմբի ելույթը, որը մանկական անմիջականությամբ և ուրախությամբ մատուցված հոգևոր երգերով ոգեշնչեց հանդիսատեսին։
Իր սրտի խոսքը ներկաներին հայտնեց նաև «Շողիկ»-ի վերջին 8 տարվա գլխավոր խմբագիր, ՀԱԵ ավագ հովիվ վեր. Ավետիք Խաչատրյանը՝ ընգծելով, որ այս տարիների ընթացքում «ջահը հավատարիմ կերպով փոխանցվել է սերնդից սերունդ»՝ ապահովելով հանդեսի շարունակականությունն ու կենսունակությունը։
Երեկոյի ավարտին բեմ հրավիրվեցին բոլոր նրանք, ովքեր հիմնադրել, զարգացրել ու տարբեր տարիներին մասնակցել են «Շողիկ»-ի խմբագրական աշխատանքներին։ Նրանց, շնորհակալական խոսքից բացի, հոբելյանական հուշանվերներ հանձնվեցին: Ավելի ուշ, ինչպես և հոբելյանական որևէ միջոցառում, Շողիկի 25-ամյակն էլ նշանավորվեց տոնական տորթի մոմերը փչելով, միմյանց շնորհավորելով ու քաջալերելով:
«Շողիկ»-ի 25 տարիները վկայում են, որ արժեքների վրա կառուցված աշխատանքը դիմանում է ժամանակի փորձությանը։ Այս հոբելյանը ոչ միայն անցյալի գնահատում է, այլև ապագայի հանդեպ վստահ քայլ՝ շարունակելու կրթադաստիարակչական կարևոր առաքելությունը նոր սերունդների համար, հատկապես՝ այս բարդ ժամանակներում։