.
ՀԱԵ տղամարդկանց մեկօրյա տարածաշրջանային համագումար Դիլիջանում

Հայաստանի տարբեր մարզերից ու քաղաքներից, տարբեր տարիքի, մասնագիտության և նախասիրությունների տղամարդիկ ապրիլի 11-ին հավաքվել էին մեկ փափագով՝ սերտելու Աստծո Խոսքն ու սովորելու ապրել Նրա կամքի համեմատ։

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու (ՀԱԵ) տղամարդկանց այս տարվա տարածաշրջանային մեկօրյա երկրորդ համագումարը տեղի ունեցավ Տավուշի մարզում։ Դիլիջանում՝ ՀԱԵ հյուրընկալ հարկի տակ, հավաքվել էր 75 տղամարդ՝ Դիլիջանի, Իջևանի, Գյումրու, Վանաձորի, Ստեփանավանի, Ալավերդու, Նոյեմբերյանի, Թումանյանի և Վարդենիսի ՀԱԵ համայնքներից։

Տղամարդիկ հաղորդակցության, միասին հաց կիսելու և խաղերի ընթացքում լիաթոք ծիծաղելու ջերմ ու անկեղծ պահերից հետո միաբանվեցին Աստծուն պաշտելու։ Փառաբանության երգերին հաջորդեց օրվա թեման, որը յուրահատուկ կոչ էր՝ կյանքի տարատեսակ իրավիճակներում պարզապես համակերպվելու փոխարեն ձգտել փոփոխության։

Խոսնակը՝ Արթուր Իսրաելյանը, Ա Մնացորդաց գրքի 4-րդ գլխի 9-10 համարներում նկարագրված Գաբեսի աղոթքի օրինակով ցույց տվեց դեպի փոփոխություն տանող կարևոր հանգրվանները, որից հետո տղամարդիկ բաժանվեցին խմբերի։

Փոքր խմբերում ծավալված քննարկումներն օգնեցին եղբայրներին գործնականում հասկանալ, թե ինչ է նշանակում Աստծուց օրհնություն ակնկալել, սպասել սահմանների ընդարձակման, լինել Նրա հովանավորության տակ և ազատ չարից։

Հետաքրքիր է, որ համագումարի մասնակիցները, վերհիշելով անցած տարվա՝ «Ու՞ր ես, Ադամ» թեմայով համագումարը, որը խոսում էր Տիրոջ կողմից փնտրված լինելու մասին, նկատեցին, որ այս անգամ իրենք են կանչված՝ փնտրելու Աստծուն, ինչպես Գաբեսը։

Այս կերպ, համագումարը դարձավ ոչ միայն հիշեցում Աստծուն փնտրելու մասին, այլև անձնական պատասխանատվության վերաիմաստավորում՝ դեպի կենդանի և գործող հավատք։

Տղամարդկանց ծառայությունները համակարգող հանձնախմբի նախաձեռնությամբ՝ այս տարվա վերջին մեկօրյա տարածաշրջանային համագումարը տեղի կունենա ապրիլի 18-ին, Գորիսում, և կմիավորի Սյունիքի մարզի ՀԱԵ տղամարդկանց։

Նախորդ
...
X