.
2026թ., Ապրիլի 14

Հովնան 1․1-2․1, 3․1-3                                                                          Երեքշաբթի   |   Ապրիլ 14

 

 

Եվ Տիրոջ խոսքը երկրորդ անգամ հասավ Հովնանին՝ ասելով. «Վե՛ր կաց, գնա՛ Նինվե մեծ քաղաքը և նրա մեջ քարոզի՛ր այն պատգամը, որ ես կասեմ քեզ»։ Հովն․ 3․1-2

 

ԵՐԿՐՈՐԴ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ես զգացի, թե ինչպես ինչ-որ սայթաքուն բան դիպավ դեմքիս,- հիշում է երիտասարդ ծովագնացը,- ապա տեսա կապույտ ու սպիտակ ատամներ»։

Մինչ նա և իր հայրը կայակով զբոսնում էին, նրան հանկարծ կուլ տվեց մի հսկայական կետ։ Մի ակնթարթ նա մտածեց այդ հսկայական ստամոքսում գոյատևելու մասին:

Ես սարսուռ զգացի՝ պատկերացնելով այդ ամենը, բայց հետո մտքերս ուղղվեցին դեպի Հովնանը։

Աստված այս մարգարեին կանչեց, որպեսզի նա զգուշացնի չար Նինվեին մոտալուտ դատաստանի մասին։ Սակայն Հովնանը որոշեց փախչել և նավ նստեց (Հովն. 1․1-3)։ Շուտով փոթորիկ բարձրացավ, և մարգարեն նավաստիներին խոստովանեց, որ «Տիրոջ ներկայությունից է փախչում» (հ. 10)։ «Վերցրե՛ք ինձ ու գցե՛ք ծովը, և ծովը կխաղաղվի», - ասաց նա (հ. 12)։ Ծովն իսկապես խաղաղվեց, իսկ Աստված «մեծ ձուկ» ուղարկեց, որը կուլ տվեց Հովնանին։ Հրեշի փորից Հովնանն աղոթեց Տիրոջը և երեք օր անց դուրս նետվեց ափ։ Տերը կրկին կանչեց նրան քարոզելու Նինվեում, և այս անգամ նա հնազանդվեց (հ. 3)։

Կայակավար երիտասարդը կետի երախում մնաց ընդամենը մի քանի ակնթարթ։ Սակայն, Հովնանի նման, նա զգաց, որ ստացել է երկրորդ հնարավորություն, և այժմ պետք է ապրի նախկինից ավելի իմաստուն ու պատասխանատու կյանքով։ Երբ դժվարությունները հասնում են մեզ կամ չենք հնազանդվում Աստծուն, արժե կանգ առնել և խորհել՝ ի՞նչ կարող ենք սովորել այդ ամենից։ Եվ եթե Հովնանի օրինակով ապաշխարությամբ ներում խնդրենք, Տերը կազատի մեզ դատապարտությունից և Իր ողորմությամբ կրկին կպարգևի նոր հնարավորություն։

 

Ի՞նչ դասեր կարող ենք քաղել մեր դժվարություններից և սխալներից։ Ինչպե՞ս է Աստված քաջալերում մեզ ավելի մոտենալ Իրեն։

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհակալ եմ Քո հոգատարության համար, շնորհակալ եմ, որ ամենուր դու ինձ հետ ես։ Ամեն:



Աստվածաշունչը մեկ տարում      |      Ա Թագավորների 25-26, Ղուկաս 12. 32-59