Հայտնություն 2․1-7 Կիրակի | Ապրիլ 12
Արդ հիշի՛ր՝ որտեղի՛ց ընկար, զղջա՛ և նախկին գործերն արա՛: Հայտն․ 2․5
ԱՌԱՋԻՆ ՍԵՐ
«Չկա ավելի մեծ խավար, քան այն, երբ փրկագնված հոգին բավարարվածություն չի գտնում Աստծո մեջ», - ասում է քրիստոնյա գրող Գրեգ Մորսը: Նա Աստծուց իր հեռու գտնվելու ժամանակաշրջանները նկարագրում է որպես «հոգևոր լճացման» և աճող անտարբերության շրջան: «Նման ժամանակահատվածներում Աստված թույլ տվեց, որ ես ընկղմվեմ ուրախության պակասի մեջ, որպեսզի դադարեմ Նրան որպես հոբբի վերաբերվել և սկսեմ Նրան որպես Աստված փնտրել»,-խոստովանում է հեղինակը:
Հաճախ մեզ թվում է, թե մենք կարող ենք հեռանալ Աստծուց և միևնույն ժամանակ ապրել արժանապատվորեն։ Սրան է անդրադառնում Հովհաննես առաքյալը Հայտնության գրքում, երբ դիմում է Եփեսոսի եկեղեցուն և ներկայացնում Հիսուս Քրիստոսի հայտնությունը։ Նա գովաբանում է եփեսացիներին նրանց «աշխատանքի» և «համբերատարության» համար (Հայտն․ 2․2), բայց հետո ասում է. «Բայց քո դեմ բան ունեմ, որովհետև թողեցիր քո նախկին սերը» (հ․ 4)։ Արտաքին դրսևորումներից զատ՝ Հիսուսի համար առավել կարևոր է սրտի վիճակը։
Եվ, այնուամենայնիվ, Տիրոջ շնորհը փայլում է թե՛ այս եկեղեցու, թե՛ մեզ վրա: Երբ մեր մեջ աճում է անտարբերությունը, Հովհաննեսը կոչ է անում. «Արդ հիշի՛ր՝ որտեղի՛ց ընկար, զղջա՛ և նախկին գործերն արա՛» (հ․ 5): Առաքյալը հորդորում է վերադառնալ արմատներին, դնել Քրիստոսին մեր կյանքի կենտրոնում, ապաստան գտնել Նրա մեջ և վայելել Տիրոջ քաղցրությունը. «Ճաշակեցե՛ք և տեսե՛ք, որ Տերը քաղցր է» (Սաղմ․ 34․8): Նրա կոչը նաև խոստում է։ Եթե մենք Նրան փնտրենք մեր ամբողջ սրտով, անպայման կգտնենք (Եր․ 29․13), և Նա մեզ կլցնի Իր ներկայությամբ։
Ի՞նչն է պատճառ հանդիսանում, որ Քրիստոսի հանդեպ մեր սերը սառչում է։
Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ Քո անսահման ողորմության և համբերության համար։ Ների՛ր, որ երբեմն անտարբեր եմ դառնում։ Օգնի՛ր ավելի մոտենալ Քեզ։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Ա Թագավորների 19-21, Ղուկաս 11. 29-54