.
2026թ., Ապրիլի 11

Սաղմոսներ 63                                                                                             Շաբաթ   |   Ապրիլ 11

 

 

Իմ անձն ամենուր հետևում է քեզ. քո աջը հաստատ է պահում ինձ։ Սաղմ․ 63․8

 

ԿԱՌՉԵԼ ԱՍՏԾՈՒՑ

 

Մինչ ես գրում էի այս տողերը, Ուինսթոն անունով մեր շունը կուչ էր եկել ոտքերիս մոտ։ Երբ իր կողքի աթոռից տեղափոխվեցի ճաշասեղանի մոտ, նա անմիջապես վազեց և նորից նստեց կողքիս՝ չկարողանալով դիմանալ բաժանմանը:  Այդ երեք մետրը չափազանց հեռու էր նրա համար։

Վերջերս հաճախ եմ մեկնում գործուղումների, և նա զգում է դա։ Բավական է, որ սկսեմ ճամպրուկ հավաքել կամ նույնիսկ պարզապես արտաբերեմ «գնալ» բառը, նա անմիջապես հայտնվում է կողքիս՝ բառացիորեն կպչելով ինձ։

Մարդկային հարաբերություններում «կպչելը» հազվադեպ է համարվում դրական հատկանիշ։ Սակայն իմ շան վարքագծում դա վստահության և կախվածության վառ պատկեր է, ճիշտ այնպես, ինչպես նկարագրված է Սաղմոս 63-ում։

Դավիթը ներկայացնում է իր Արարչի հանդեպ սիրո և խոր կապվածության պատկերը․ «Ո՜վ Աստված, դու ես իմ Աստվածը, քեզ եմ փնտրում առավոտից. հոգիս ծարավի է քեզ, մարմինս քեզ է ցանկանում այս ցամաք ու ծարավ երկրում․․․» (Սաղմ. 63․1)։ Այնուհետև 3-րդ համարում նա ավելացնում է. «Որովհետև քո ողորմությունն ավելի լավ է, քան կյանքը. իմ շրթունքները պիտի գովեն քեզ»։ Իսկ Սաղմոսի վերջում ավելի անձնական ու մտերմիկ խոստովանություն է հնչում․ «Իմ անձն ամենուր հետևում է քեզ. քո աջը հաստատ է պահում ինձ» (հ․ 8):

Դավթի նման, ես նույնպես ցանկանում եմ ամբողջ հոգով կախված լինել Աստծուց և անկեղծորեն որոնել Նրան։ Երբեմն դա ինձ հաջողվում է։ Սակայն լինում են պահեր, երբ իմ սիրտը սառչում է, կորցնում վստահությունը։ Բայց երբ ես զղջում եմ իմ անհաստատության համար և վերադառնում Նրա մոտ, Նա կրկին լցնում է ինձ Իր ներկայությամբ։ 

 

Ի՞նչն է օգնում մեզ Աստծուն տեսնել որպես սիրող Հայր։

Ինչպե՞ս է Աստծուն վստահելը զորացնում մեր սերը Նրա հանդեպ։

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհակալ եմ Քո առատ սիրո համար։

Օգնի՛ր ինձ ամեն իրավիճակում վստահել Քեզ։ Ամեն:



Աստվածաշունչը մեկ տարում      |      Ա Թագավորների 17-18, Ղուկաս 11. 1-28