.
2026թ., Ապրիլի 10

Եսայի 41. 8-14                                                                                            Ուրբաթ   |   Ապրիլ 10

 

 

Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ … քեզ նեցուկ կլինեմ իմ արդար աջով։ Ես․ 41․10

 

ԱՍՏԾՈ ՁԵՌՔԵՐՈՒՄ

 

Մեքենան ամերիկյան լեռների վրայով ավելի ու ավելի էր բարձրանում վեր։ Ես փակեցի աչքերս և փորձեցի ուշադրություն չդարձնել ներսումս ահագնացող վախին։ Ամենաբարձր կետում մենք մի ակնթարթ կանգ առանք։ Ես բացեցի աչքերս և սարսափեցի, ուղիղ դիմացս անդունդն էր։ Վայրկյաններ անց գահավիժեցինք ցած։ Մանկության այս հիշողությունը դեռ ստիպում է ինձ դողալ։

Երբեմն կյանքը նմանվում է այդպիսի անկման, թվում է՝ ամեն ինչ դուրս է գալիս վերահսկողությունից, և ոչ ոք չկա, որ բռնի մեր ձեռքը։ Սակայն երբ ամեն բան վերածվում է քաոսի, մենք կարող ենք մխիթարություն գտնել աստվածաշնչյան ճշմարտության մեջ՝ Աստված մեզ հետ է։ Հավատացյալները գիտեն՝ Նա Սուրբ Հոգով բնակվում է մեր մեջ։ Մենք կարող ենք խոսել Նրա հետ և առաջնորդություն ստանալ Աստվածաշնչի միջոցով։

Տերը ցանկանում էր հավաստիացնել իսրայելացիներին, որ նույնիսկ անհնազանդության անկման մեջ Նա «կբռնի» նրանց։ Եսայի մարգարեի միջոցով Նա ասաց․ «Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ, մի՛ զարհուրիր, որովհետև ես քո Աստվածն եմ։ Ես քեզ կզորացնեմ և կօգնեմ քեզ, նաև քեզ նեցուկ կլինեմ իմ արդար աջով» (Ես. 41․10)։ Նույնիսկ գերության մեջ` օտար երկրում, Տերը նրանց չէր լքել։

Երբ կյանքը թվում է անկառավարելի և վերահսկողությունից դուրս, եկե՛ք վստահ լինենք, որ Աստված մեր կողքին է և պատրաստ է օգնելու։ Մենք ապահով ենք Նրա սիրառատ ու զորավոր ձեռքերում։

 

Ի՞նչ դժվարությունների միջով ենք անցնում մենք այսօր։

Ի՞նչ ենք զգում, երբ գիտակցում ենք, որ Աստված մեր կողքին է։

 

Աղոթք – Սիրելի՛ Տեր, շնորհակալ եմ, որ Քո ապահով ձեռքերում եմ։ Ամեն:



Աստվածաշունչը մեկ տարում      |      Ա Թագավորների 15-16, Ղուկաս 10. 25-42