.
2026թ., Ապրիլի 9

Հովել 2․21-27                                                                                           Հինգշաբթի   |   Ապրիլ 9

 

 

Եվ ես ձեզ կհատուցեմ այն տարիները, որ կերան մորեխը, ջորյակը, ճիճուն և խառնիճը: Հով․ 2․25 

 

ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԱՎԵՐԱԿՆԵՐԻՑ

 

Մի օր այցելեցի Վուդեմսի աղբանոցը Հարավային Ուելսում, որտեղ մեծածավալ կամավորական աշխատանքներ էին իրականացվում: Երիտասարդների մի խումբ որոշել էր հնագույն և ժանգոտված ավելի քան երկու հարյուր հսկայական երկաթուղային տրանսպորտի՝ արագընթաց ուղևորատար լոկոմոտիվներից մինչև համեստ բեռնատար շոգեքարշեր, նոր կյանք տալ: Հարյուր հազարավոր ժամերի կամավորական աշխատանքների արդյունքում այս վաղուց շահագործումից դուրս եկած մեքենաներին հնարավորություն տրվեց կրկին ընթանալ Բրիտանիայի պատմական երկաթուղիներով՝ փայլելով պղնձով և թարմ ներկի շերտով։

Աստված նույնպես զբաղվում է վերականգնմամբ։ Նրա վերափոխող շնորհի մասին պատմվում է ամբողջ Աստվածաշնչում։ Մի անգամ վնասատուների մի համաճարակ գրեթե ոչնչացրեց Իսրայելի գյուղատնտեսությունը։ «Խառնիճից մնացածը մորեխը կերավ, մորեխից մնացածը ջորյակը կերավ, ջորյակից մնացածը գրվիճը կերավ» (Հով․ 1․4)։ Երկիրն ավիրվեց։ Սա դարձավ Աստծո դատաստանի խորհրդանիշ և կոչ՝ դիմել Աստծուն «ամբողջ սրտով» (Հով․ 2․12)։ Այնուամենայնիվ, նույնիսկ նման աղետից հետո Տերը խոստացավ վերականգնում. «Եվ կալերը կլցվեն ցորենով, տակառները կհորդեն գինով և յուղով» (հ․ 24)։ «Եվ պիտի ուտեք ու ուտեք և կշտանաք և օրհնաբանեք Տիրոջ՝ ձեր Աստծու անունը, որ ձեզ համար հրաշալիքներ գործեց, և իմ ժողովուրդը հավիտյան չպիտի ամաչի (հ․ 26)։

Մենք նույնպես կարող ենք մեզ մոռացված զգալ, ինչպես ժանգոտած շոգեքարշը։ Բայց դա մեր պատմության ավարտը չէ։ Աստված խոստանում է. «Եվ ես ձեզ կհատուցեմ այն տարիները, որ կերան մորեխը, ջորյակը, ճիճուն և խառնիճը» (հ․ 25)։ Նա հավատարիմ է, և կբերի հույս և վերականգնում այնտեղ, որտեղ մի ժամանակ հուսահատություն էր տիրում։

 

Երբևէ եղե՞լ է, որ զգանք ամոթ, ցավ և հուսահատություն:

Վերականգնման սպասման մեջ արդյո՞ք վստահում ենք Տիրոջը:

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, երբեմն թվում է, թե կյանքս ժանգոտվում է ու անմխիթար վիճակում եմ։ Բայց ես վստահում եմ Քեզ, քանի որ Դու վերականգնման և հույսի Աստված ես։ Ամեն:



Աստվածաշունչը մեկ տարում      |      Ա Թագավորների 13-14, Ղուկաս 10. 1-24