Ելք 32. 15-24 Երկուշաբթի | Ապրիլ 6
․․․Ես այն նետեցի կրակը, և դուրս եկավ այս հորթը։ Ելք 32․24
ՀԱՎԱՏԱՐԻՄ ԵՎ ՆԵՐՈՂԱՄԻՏ
«Սա իմ մեղքը չէ՛» - բացականչեց Հան Սոլոն «Կայսրությունը հակահարված է տալիս» ֆիլմում, երբ նավը հարձակման ենթարկվեց, և թվում էր՝ ելք չկա։ Եվ սա միայն այն պատճառով, որ նավը ժամանակին չէր վերանորոգվել։ Սոլոնի հնչեցրած արտահայտությունը ստիպում է մտածել, գուցե նա իրականում պատասխանատու էր կատարվածի համար, բայց պարզապես չէր ուզում խոստովանել։
Շատերս ենք հայտնվում նման իրավիճակներում։ Երբեմն ավելի հեշտ է մեղքը բարդել ուրիշի վրա, քան խոստովանել դա։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ այս հակվածությունն այնքան հին է, որքան մեղքը։ Այդպես վարվեցին Ադամն ու Եվան (Ծն. 3․11-13), ինչպես նաև Ահարոնը: Երբ Մովսեսը ստանում էր Տասը պատվիրանները Սինա լեռան վրա, Աստված նրան ասաց, որ ստրկությունից նոր ազատված ժողովուրդը ապականվել է և սկսել կուռքին պաշտել (Ելք 32․7-8)։ Մովսեսը վերադարձավ և հանդիմանեց Ահարոնին, բայց Ահարոնը պատասխանեց. «Դու գիտես այս ժողովրդին, որ հակված է չարին» (հ․ 22), ապա արդարացավ. «Ես ասացի․ «Ով որ ոսկի ունի, թող հանի, և բերի ինձ մոտ։ Ես այն նետեցի կրակը, և դուրս եկավ այս հորթը» (հ․ 24)։
Մեր համառությանը հակառակ՝ Աստված ներում է շնորհում մեզ: Եթե մենք խոստովանենք մեր մեղքը, «Նա հավատարիմ է ու արդար՝ մեր մեղքերը ներելու մեզ» (Ա Հովհ․ 1․9): Մեզ ընդունելով և ներելով՝ Տերը թույլ է տալիս բաց լինել Իր առջև՝ մեր անկատարությունների մեջ: Ի վերջո, Իր զոհաբերող սիրով Նա մեր մեղքը վերցրեց Իր վրա:
Ինչպե՞ս ենք ստացել Աստծո ներումը։ Ինչպե՞ս կարող ենք այսօր ուրիշներին պատմել այն, ինչ Նա արեց մեզ համար։
Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ, որ ազատեցիր ինձ մեղքից և անցյալի սխալներից։
Օգնի՛ր քայլել Քո ճանապարհով։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Ա Թագավորների 4-6, Ղուկաս 9. 1-17