.
Հարուցյալի շնորհած թողությունը

«Եվ ձեզ, որ մի ժամանակ մեռած էիք մեղքերի մեջ… իր հետ կենդանացրեց՝ մեր բոլոր հանցանքները ներելով։ Նա ջնջեց մեր դեմ եղած դատավճռի ձեռագիրը և այն վերացրեց՝ խաչափայտին գամելով»
(Կող. 2․13–14)

Այս սուրբ և խորհրդավոր օրը Տերը մեզ շնորհ է տալիս՝ վերստին հիշելու Արարչի կյանք պարգևող զորությունը։ Քրիստոսի կենդանի ներկայությամբ մեր սրտերն ու հոգիները լցվում են հարության լույսով, ներման խաղաղությամբ և հավիտենական կյանքի կենդանի հույսով։

Քրիստոս Հիսուսի փառահեղ Հարությունը ոչ միայն հաղթանակ է մահվան հանդեպ, այլ նաև՝ մեր մեղքերի լիակատար ներման ավետիս։ Աստծուց բաժանումն ու դատապարտությունը, որին արժանի էինք մեր ապստամբ ու եսակենտրոն ընթացքի պատճառով, խաչի վրա վերացվեց և շնորհով փոխվեց նոր կյանքի։

Հարության լույսի ներքո մենք հստակ տեսնում ենք, որ մեղքն այլևս իշխանություն չունի, վախը կորցրել է իր ուժը, և հուսահատությունը տեղի է տալիս կենդանի ու անսասան հույսին։ Քրիստոսի հաղթությունը դառնում է մեր հաղթությունը, իսկ Նրա շնորհած թողությունը՝ մեր նոր կյանքի սկիզբը։

Թող Հարության այս սուրբ տոնը յուրաքանչյուրի կյանքում դառնա լիակատար ներման, ազատության, հոգևոր նորոգության, ներքին խաղաղության և հավիտենական կյանքի վստահության կենդանի ու ապրեցնող փորձառություն։

Քրիստոս հարյավ ի մեռելոց
Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի

 

Վերապատվելի Ավետիք Խաչատրյան
ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ