Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու (ՀԱԵ) տղամարդկանց ծառայությունները համակարգող հանձնախմբի նախաձեռնությամբ՝ այս տարի տղամարդկանց առաջին մեկօրյա տարածաշրջանային համագումարը տեղի ունեցավ մարտի 28-ին՝ Արտաշատում։
Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին Արտաշատում առաջին անգամ իր հյուրընկալ դռները բացեց ոչ միայն տեղական համայնքի, այլև Երևանի երեք համայնքի (Բաղրամյան 18, ՀԱԹ, «Հույսի Տուն») և հարակից քաղաքների (Այնթապ, Արմավիր, Աբովյան) ՀԱԵ շուրջ 80 տարբեր տարիքային խմբերի եղբայրների համար։
Համագումարը սկսվեց հաղորդակցությամբ և ճաշով, շարունակվեց մտերմացնող խաղերով, որին հաջորդեցին միասնական պաշտամունքն ու հոգևոր նյութի սերտողությունը։
Համագումարի սուրբգրային նյութը Գաբեսի աղոթքն էր (Ա Մնացորդաց 4.9-10), խորագիրը՝ «Համակերպումից դեպի փոփոխություն»։ Հանձնախմբի որոշմամբ՝ այս անգամ տղամարդկանց համագումարի խոսնակն աշխարհական քարոզիչ, ՀԱԵ ՀԱԹ համայնքի երկարամյա ծառայող Արթուր Իսրաելյանն էր։
Խոսնակն առանձնացրեց Գաբեսի աղոթքի չորս հիմնական կետերը՝ ցույց տալով, թե ինչպես կարելի է դրանք կիրառել առօրյա կյանքում․ չհամակերպվել այն կոչումներին ու անուններին, որոնք տալիս են աշխարհն ու մարդիկ, այլ աղաղակել Աստծուն՝ իրական փոփոխության համար։
Գաբեսի աղոթքի չորս կետերին համագումարի մասնակիցներն անձնական անդրադարձ կատարեցին փոքր խմբերով քննարկումների ընթացքում։
Կարելի է արձանագրել, որ այս համագումարը եղբայրների համար դարձավ ոչ միայն հանդիպման և հաղորդակցության հերթական առիթ, այլև ներքին վերանորոգման հանգրվան՝ հիշեցնելով, որ ճշմարիտ փոփոխությունը սկսվում է այն պահից, երբ մարդը դադարում է համակերպվել իր սահմանափակումների հետ և հավատքով դիմում է Աստծուն՝ նոր կյանքի և նոր ինքնության համար։
Աստծո կամքով տղամարդկանց մեկօրյա տարածաշրջանային հաջորդ հանդիպումները տեղի կունենան ապրիլի 11-ին, Դիլիջանում, և ապրիլի 18-ին, Գորիսում։