Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու (ՀԱԵ) տարբեր քաղաքներում գործող մշակութային խմբակների ղեկավարները, ՀԱԵ Քրիստոնեական դաստիարակության բաժնի նախաձեռնությամբ, ժամանակ առ ժամանակ ճանաչողական այցեր են կատարում տարբեր մշակութային կենտրոններ, մասնակցում ցուցադրությունների և ընդլայնում իրենց ստեղծագործական մտահորիզոնը։
Այս անգամ նրանք Երևանում էին։ Սկզբում այցելեցին Հայաստանի նկարիչների միություն և դիտեցին «Ճամփորդություն Այվազովսկու արվեստում» մուլտիմեդիա ցուցադրությունը։ Այն 43 րոպեանոց «նավարկություն» է մեծ նկարչի կյանքի կարևորագույն իրադարձությունների և շուրջ 300 կտավի անիմացիոն մեկնաբանությունների միջով՝ ներկայացված 510 քմ մակերեսով ցուցասրահի 4 մետր բարձրություն ունեցող էկրաններին։
Սա կարևոր ու ներշնչող հանգրվան էր մշակութային խմբակների պատասխանատուների համար, ովքեր պատրաստվում են «Աստծո ստեղծագործության հրաշքը» թեմայով ցուցահանդեսին, որի նպատակն արվեստի միջոցով երեխաների մեջ Աստծո ստեղծագործության հանդեպ պատասխանատու վերաբերմունքի ձևավորումն է։
Այվազովսկու արվեստում «ճամփորդությունից» հետո ՀԱԵ մշակութային խմբակների պատասխանատուներն այցելեցին Ավետիսյան դպրոց, որտեղ տեղի է ունենալու վերոնշյալ ցուցահանդեսը։ Նրանք, դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանի ուղեկցությամբ, ծանոթացան տարածքին, հանդիպեցին դպրոցի բարձր դասարանների աշակերտներին, ովքեր կամավորություն են իրականացնելու թե՛ ցուցահանդեսի նախապատրաստական փուլում, և թե՛ դրա ընթացքում։ Քննարկվեցին նաև ցուցահանդեսի կազմակերպչական կարևոր մանրամասներ՝ մեծ դեկորների տեղադրման հնարավորությունները, տարածքի ճիշտ բաշխումը, ցուցադրության ընդհանուր կառուցվածքն ու գեղագիտական լուծումները։
Վազգեն Թորոսյան
ՀԱԵ ՔԴ մշակութային ծրագրերի համակարգող