Ինչու՞ և ինչպե՞ս Աստված ստեղծեց ընտանիքը, ո՞րն է Աստծո կամքով ամուսնությունը, և ինչպե՞ս պատրաստվել կյանքի այդ կարևոր փուլին․ այս հարցերի շուրջ էր երիտասարդ քրիստոնյա աղջիկների համար կազմակերպված յուրահատուկ համագումարը։
ՀԱԵ կանանց ծառայությունները համակարգող աշխատանքային խմբի նախաձեռնությամբ՝ երիտասարդ աղջիկների առաջին համագումարը կազմակերպվեց մարտի 28-ին, Երևանում՝ ներառելով ՀԱԵ երեք համայնքի՝ Բաղրամյան 18-ի, ՀԱԹ-ի և «Հույսի տան» 17–35 տարեկան մոտ 40 երիտասարդ աղջիկների։
Կանանց մեկամսյակի առթիվ պատրաստված ծաղիկներ ու նվերներ, համեղ հյուրասիրություն, հաղորդակցության հնարավորություն և զվարճալի խաղեր․ այսպես սկսվեց համագումարը՝ ստեղծելով ջերմ ու մտերմիկ միջավայր, որտեղ աղջիկներն ավելի ազատ ու անկաշկանդ դարձան նուրբ հարցեր քննարկելու համար։
Նրանք առիթ ունեցան լսելու հարսանեկան ամենատարօրինակ ու յուրահատուկ ավանդույթների մասին ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում։ Լսեցին, զարմացան, ծիծաղեցին, բայց, ի վերջո, արժևորեցին այն, ինչ իսկապես կարևոր է։
Թեմայի յուրահատուկ նախաբան դարձավ պանելային քննարկումը, որի մասնակիցները փորձառու առաջնորդներ և երեցկանայք էին։ Երիտասարդները հնարավորություն ունեցան ուղղելու ամենատարբեր հարցեր և լսելու նրանց անկեղծ պատասխանները, որոնք բխում էին Աստվածաշնչից ու անձնական փորձառությունից։
Բարձրացված թեմաների մի մասի պատասխանները տրվեցին նաև սուրբգրային հատվածի սերտողության միջոցով, որի առանցքում Եփեսացիներին ուղղված թղթի 5-րդ գլխում Պողոս առաքյալի կարևոր ուսուցումն էր։ Նա, Քրիստոսի օրինակով, ներկայացնում է ընտանիքի գաղափարը՝ հստակ նշելով, որ դրա նպատակը ոչ թե պարզապես երջանկությունն է, այլ երկու մեղավոր մարդկանց միությամբ սրբագործումը, որի արդյունքում էլ գալիս է իրական երջանկությունը։
Պողոսը, Եփեսացիներին ուղղված թղթի 5-րդ գլխում, նաև զգուշացնում է, որ չխաբվենք դատարկ խոսքերով. «Արդ ուշադրությո՛ւն դարձրեք ձեր վարքին. վարվե՛ք ոչ թե անխելքների պես, այլ իմաստունների. ճի՛շտ օգտագործեք ժամանակը, որովհետև օրերը չար են։ Դրա համար անմիտ մի՛ եղեք, այլ իմացե՛ք, թե որն է Տիրոջ կամքը» (Եփեսացիներին 5․15–17)։
Աշխարհն այսօր, սպառողական մտածելակերպին համապատասխան, եսակենտրոն մոտեցումներ է թելադրում, ինչի հետևանքով տեսնում ենք, որ թե՛ աշխարհում, թե՛ Հայաստանում նվազել է ամուսնությունների թիվը, իսկ ամուսնալուծությունների պարագայում աճ է գրանցվել։
Անշուշտ, Աստված յուրաքանչյուրի կյանքում յուրօրինակ է գործում, և բոլոր հարցերի համար պատրաստի լուծումներ չկան։ Սակայն Տիրոջ Խոսքի ուսուցումը կարևոր է, որպեսզի պատասխանատու որոշումներից առաջ երիտասարդ աղջիկները հասկանան Աստծո կամքը, իսկ նրանք, ովքեր արդեն կատարել են իրենց ընտրությունը, ընտանիքի առանցքում ունենալով Քրիստոսի օրինակը՝ ապրեն Աստծո կամքով։
Այս համագումարը ևս մեկ հրաշալի առիթ դարձավ՝ վերանայելու արժեքները, վերաիմաստավորելու ընտրությունները և վերադառնալու ընտանիքի համար Աստծո սկզբնական ծրագրին, որի արդյունքում ապագան կարող է կառուցվել ոչ թե աշխարհի անցողիկ չափանիշներով, այլ Աստծո անփոփոխ ճշմարտությամբ։
Համագումարն ավարտվեց փառաբանության երգերով ու աղոթքով:
Տիրոջ շնորհով, նման համագումարներ երիտասարդ աղջիկների համար նախատեսվում են նաև Հայաստանի այլ շրջաններում։