Մարկոս 16. 1-8 Կիրակի | Ապրիլ 5
Մի՛ վախեցեք. դուք Հիսուս Նազովրեցո՞ւն եք փնտրում, խաչվածի՞ն. նա հարություն առավ, այստեղ չէ։ Մարկ․ 16.6
ՀԱՐՈՒԹՅԱՆ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Կոմունալ ծառայությունների վճարը հասավ հարյուր դոլարի, շատ ավելին, քան Լորետտան սովորաբար վճարում էր։ «Տերը կհոգա», - ասաց նա որդուն։ Նույն օրը նա կրտսեր եղբորից հաղորդագրություն ստացավ. «Լորետտա՛, դու ինձ բազմիցս օգնել ես։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել քո աջակցության համար։ Այսօր սպասիր անակնկալի»։ Ճաշից հետո նա ստացավ հարյուր դոլարանոց նվեր քարտ։ Հրա՞շք։ Ոչ բոլորի համար գուցե այդպես լինի, բայց Լորետտայի համար այս «զուգադիպությունը» իսկապես հրաշալի էր։ Նա համոզված էր, որ այս կերպ կենդանի Աստված ցույց տվեց Իր հոգատարությունն իր նկատմամբ։
Սա հիշեցնում է Քրիստոսի հարության պատմությունից մի դաս։ Շաբաթ օրվանից հետո կանայք գնեցին բուրավետ խունկեր Տիրոջ մարմինն օծելու համար։ Սակայն գերեզման գնալու ճանապարհին նրանք մտածում էին ոչ թե հրաշքի, այլ առջևում սպասվող դժվարությունների մասին. «Գերեզմանի մուտքից մեզ համար քարը ո՞վ կգլորի» (Մարկ․ 16․1-3):
Այս կանայք, որոնց թվում էր նաև Մարիամ Մագդաղենացին, քայլում էին Հիսուսի հետ և տեսել էին Նրա զարմանալի զորությունը։ Սակայն այդ առավոտ նրանք ոչինչ չէին սպասում տեսնել, բացի Նրա անշնչացած մարմնից։
Բայց փոխարենը նրանք լսեցին հետևյալ խոսքերը. «Նա հարություն առավ, այստեղ չէ» (հ․ 6): Սա ցույց է տալիս, թե ինչ կարող ենք ակնկալել կենդանի Փրկչից՝ Նրա հարության հրաշագործ զորությունը: Նա կենդանի է: Երբ մենք բախվենք «ծանր քարերի», որոնք պետք է տեղափոխվեն, Նա այնտեղ կլինի օգնելու համար: Նա գերեզմանում չէ: Նա իսկապես հարություն է առել:
Ինչպե՞ս է Աստծո հոգատարությունը հրաշալի կերպով արտահայտվել մեր կյանքում։ Ի՞նչ է մեզ համար նշանակում ապրել Հիսուսի հարության զորությամբ։
Աղոթք – Սիրելի՛ Հիսուս, շնորհակալ եմ, որ կենդանի ես և գործում ես իմ կյանքում։ Օգնի՛ր ապրել Քո հարության զորությամբ ամեն օր։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Ա Թագավորների 1-3, Ղուկաս 8. 26-56