.
2026թ., Ապրիլի 4

Մատթեոս 6. 1-4, 19-21                                                                                Շաբաթ   |   Ապրիլ 4

 

 

Ձեզ համար երկնքո՛ւմ գանձեր դիզեք․․․: Մատթ․ 6․20

 

ՍԻՐՈՒՑ ԴՐԴՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Հայրս աշխատասեր մարդ էր, նա աշխատում էր ֆերմայում և գործարանում, սակայն վերանորոգման հմտություններին այդքան էլ չէր տիրապետում։ Երբ տրակտորը, վառարանը կամ սանտեխնիկան փչանում էր, ընկերներն ու հարևաններն էին օգնության հասնում։ Հայրս առաջարկում էր վճարել, չնայած գիտեր, որ չի կարող նրանց վճարել այնքան, ինչքան արժե նրանց կատարած ծառայությունը։ Հայրիկիս ընկերները և մեր հարևանները հրաժարվում էին գումարից, նրանց պարզապես հաճելի էր օգնելը։ «Շնորհակալություն», - ասում էր հայրս, - «ձեր վարձատրությունը դեռ առջևում է»։ Մինչ այսօր էլ չգիտեմ, թե ինչ նկատի ուներ նա։ Հնարավոր է՝ ուզում էր մի օր որևէ կերպ փոխհատուցել նրանց բարությունը։

Ինչ վերաբերում է այն քրիստոնյաներին, որոնք սիրուց դրդված են ծառայում ուրիշներին Քրիստոսի անվան փառքի համար, նրանց իսկապես առջևում սպասվում է վարձատրություն։ Հիսուսն Իր հետևորդներին ասաց․ «Ձեզ համար երկնքո՛ւմ գանձեր դիզեք» (Մատթ. 6․20)։ Բարիք գործելն այդպիսի «գանձեր» հավաքելու միջոցներից մեկն է։ Նա նաև ավելացրեց, որ չպետք է դա բարձրաձայնել կամ ցուցադրել, այլապես չենք ստանա իրական վարձատրությունը (հ. 2)։ Նույնիսկ եթե ոչ ոք չի նկատում մեր զոհաբերությունները, մենք կարող ենք վստահ լինել, որ Աստված տեսնում է դրանք։ Եբրայեցիներին ուղղված թղթի հեղինակը հաստատում է․ «Որովհետև Աստված անարդար չէ, որ մոռանա ձեր գործերը և այն սերը, որ նրա անվան հանդեպ ցուցաբերեցիք՝ ծառայելով սրբերին, որոնց հիմա էլ ծառայում եք» (Եբր. 6․10)։

Իհարկե, մենք ծառայում ենք ոչ թե վարձատրության համար, այլ որովհետև Փրկիչը սիրում է մեզ, և մենք փոխադարձաբար ենք վերաբերվում Նրա սիրուն։  Ինչպիսի՜ ուրախություն կլինի լսել Նրանից. «Լա՛վ, բարի ու հավատարի՛մ ծառա, քանի որ դու քչի մեջ հավատարիմ եղար, ես քեզ շատի վրա կկարգեմ. մտի՛ր քո տիրոջ ուրախության մեջ» (Մատթ․ 25․21):

 

Ի՞նչ «գանձեր» ունենք հավաքած։ Ի՞նչ պարգևներ է Աստված տվել մեզ՝ ուրիշներին ծառայելու համար։

 

Աղոթք – Տե՛ր, ես ուզում եմ ծառայել մարդկանց այնպես, ինչպես Դու ես ուզում։ Օգնի՛ր ինձ ուղղորդել նրանց դեպի Քեզ և ապրել Քո փառքի համար։ Ամեն:



Աստվածաշունչը մեկ տարում      |      Հռութ 1-4, Ղուկաս 8. 1-25