Ելք 14. 1-4, 8, 10-14 Երեքշաբթի | Մարտ 31
Մի՛ վախեցեք, կանգնե՛ք ձեր տեղում և տեսե՛ք Տիրոջ փրկությունը, որ այսօր կանի ձեզ համար: Ելք 14․13
ԱՍՏԾՈ ՏԵՍԼԱԿԱՆԸ
Հադսոն Թեյլորը մտահոգված էր։ Նա թողեց Անգլիան Չինաստանում Ավետարանը քարոզելու համար, և թեև ծառայության ընթացքում բախվում էր դժվարությունների, այնուամենայնիվ, ամեն բան ընթանում էր հաջողությամբ։ Սակայն 1865 թվականին, երբ մտածում էր միսիոներներ ուղարկել վտանգավոր շրջան՝ առանց պաշտպանության, իր մեջ ներքին ուժեղ պայքար զգաց։ Սակայն աղոթքից հետո նա գրեց․ «Տերն օգնեց հաղթահարել անհավատությունս, և ես ինձ ամբողջությամբ հանձնեցի Նրան՝ գիտակցելով, որ ողջ պատասխանատվությունն ու հետևանքները Նրա վրա են»։
Մովսեսը նույնպես Աստծուց հանձնարարություն ստացավ, որը խիստ անհանգստացրեց նրան։ Տերը պատվիրեց․ «Ասա՛ Իսրայելի որդիներին, որ ետ դառնան և բնակություն հաստատեն Փիաիրոթի առջև՝ Մագդողի ու ծովի միջև, Բեեղսեփոնի դիմաց» (Ելք 14․2)։ Սա նշանակում էր, որ նրանք հայտնվելու էին փարավոնի բանակի և ծովի միջև՝ կարծես փակուղու մեջ։
«Փարավոնը մոտեցավ», և իսրայելացիները սարսափեցին (հ. 10)։ Խուճապի մեջ նրանք ասացին Մովսեսին․ «․․.մեզ համար ավելի լավ է ծառայել եգիպտացիներին, քան թե մեռնել անապատում» (հ. 12)։ Բայց Մովսեսը պատասխանեց․ «Մի՛ վախեցեք» (հ. 13)։ Եվ իսկապես, Տերը շուտով Իսրայելին պարգևեց փրկություն և հաղթանակ (հ. 15-31)։
Երբեմն մենք չենք հասկանում, թե ինչ է Աստված անում մեր կյանքում, որովհետև չենք տեսնում այն, ինչ տեսնում է Նա։ Նմանատիպ իրավիճակում Հադսոն Թեյլորը գրեց․ «Իմ պարտականությունը՝ որպես Տիրոջ ծառա, հնազանդվելն է և Նրան հետևելը»։ Եկե՛ք մենք էլ վստահենք Աստծո տեսլականին։
Ինչո՞ւ է կարևոր վստահել Աստծո ծրագրերին։ Ինչպե՞ս կարող ենք խաղաղություն գտնել Նրա մեջ։
Աղոթք – Տե՛ր, օգնի՛ր ինձ վստահել Քո կատարյալ կամքին կյանքիս բոլոր իրավիճակների մեջ։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Ղևտական 11-12, Ղուկաս 6. 1-26