.
2026թ., Մարտի 29

Եսայի 55. 6-13                                                                                            Կիրակի   |   Մարտ 29

 

Իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն, և ձեր ճանապարհներն Իմ ճանապարհները չեն։ Ես․ 55․8

 

ԱՐՑՈՒՆՔՆԵՐ ԵՎ ՀՈՒՅՍ

 

Ծաղկազարդ էր՝ Երուսաղեմ Փրկչի հաղթական մուտքի հիշատակի օրը։ Սակայն Մերի Էդվարդի համար այն դարձավ վշտի և տխրության օր։ Պատարագից հետո նա և իր ամուսինը՝ Քարիմը, ձեռք ձեռքի տված դուրս էին գալիս եկեղեցուց, երբ պայթյուն տեղի ունեցավ։ Քարիմը տեղում մահացավ, իսկ վիրավոր Մերին վիժեց։

Հիվանդանոցում գտնվելու ընթացքում Մերին ծանր հոգեվիճակում էր։ Նրա համար դժվար էր հասկանալ, թե ինչու Աստված թույլ տվեց նման ողբերգություն։ Սակայն Աստվածաշունչ կարդալը, հատկապես Եսայի մարգարեի խոսքերը, ինչ-որ կերպ հանգստացրին նրա ներսի փոթորիկը. «Ինչպես երկինքն է բարձր երկրից, այնպես էլ իմ ճանապարհները բարձր են ձեր ճանապարհներից» (Ես․ 55․9)։  Մերին հասկացավ, որ Աստված ողորմություն է ցուցաբերում նույնիսկ այն ժամանակ, երբ մարդիկ չեն պատվում Նրան, և մխիթարություն գտավ։

Եսայի մարգարեի պատգամն ուղղված էր անհնազանդ ժողովրդին։ Կոչ անելով իսրայելացիներին վերադառնալ Իր մոտ՝ Աստված ցանկանում էր ընդլայնել նրանց պատկերացումն Իր ողորմած բնավորության մասին։ Ինչպես երկինքը բարձր է երկրից, այնպես էլ Աստծո ճանապարհները բարձր են մարդկային ճանապարհներից։ Տերը նրանց հանդեպ սեր և ողորմություն կցուցաբերի՝ շատ ավելի շատ, քան նրանք կարող են պատկերացնել։

Խոր վշտի մեջ լինելով՝ Մերին միևնույն ժամանակ գտավ Աստծո խաղաղությունը։ Նա զգաց և ընդունեց Քրիստոսի մխիթարող սերն Ավագ շաբաթվա իրադարձությունների մեջ։ Տերը ցանկանում է Իր խաղաղությունը տալ նաև մեզ։ Պետք է միայն դիմել Նրան։

 

Ինչպե՞ս է Աստծո սիրո մասին խորհրդածելն օգնում մեզ։ Ինչպե՞ս կարող ենք խաղաղություն գտնել Սուրբ Գիրքն ընթերցելով:

 

Աղոթք – Արարի՛չ Տեր, շնորհակալ եմ, որ նույնիսկ ցավի ու կասկածի մեջ Դու ինձ հույս ես տալիս և սիրով պարուրում։ Ամեն:



Աստվածաշունչը մեկ տարում      |      Ղևտական 7-8, Ղուկաս 5. 1-16