Սաղմոսներ 119. 49-56 Շաբաթ | Մարտ 28
Հիշի՛ր քո ծառայի համար տրված խոսքը, որի վրա դրեցի իմ հույսը։ Սաղմ․ 119․49
ԱՂՈԹՔ՝ ԽՈՍՏՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆ
«Ո՛չ, մենք չենք կարող լիճ գնալ», - ասացի ես դստերս՝ խողովակը նորոգելով։ «Հայրի՛կ, բայց դու խոստացար, որ երբ մաքրությունն ավարտեմ, կարող ենք գնալ», - հիշեցրեց նա ինձ։ Ես այնքան էի կլանվել վերանորոգման աշխատանքներով, որ ամբողջովին մոռացել էի դրա մասին։ Զբաղվածությունս հանել էր խոստումս իմ հիշողությունից։
Ինչպես դուստրս, սաղմոսերգուն նույնպես Աստծուն հիշեցրեց Նրա խոստումների մասին. «Հիշի՛ր քո ծառայի համար տրված խոսքը, որի վրա դրեցի իմ հույսը» (Սաղմ․ 119․49): Բարեբախտաբար, Տերը ո՛չ անուշադիր է, ո՛չ էլ մոռացկոտ: Մենք կարող ենք Նրա մոտ գալ ոչ միայն խնդիրներով ու հիասթափություններով, այլ վստահությամբ, որ Նա մեր բարի Հայրն է: «Նեղությանս մեջ իմ մխիթարությունն այն է, որ Քո Խոսքն ապրեցնում է ինձ», - գրեց Սաղմոսերգուն (հ․ 50):
Աստված մեզ խրախուսում է խորհրդածել Իր Խոսքի շուրջ և հիշեցնել Իր խոստումների մասին։ Ոչ թե որովհետև կարող է մոռանալ, այլ որովհետև ուզում է, որ մենք ավելի լավ ճանաչենք Իրեն։ Ահա թե ինչու է Սաղմոսերգուն ասում. «Տե՛ր, հիշում եմ քո հավերժական վճիռները և մխիթարվում … Քո հրամանները երգ են ինձ համար իմ պանդխտության տան մեջ» (հ․ 52, 54):
Երբ աղջիկս ինձ հիշեցրեց իմ մոռացված խոստման մասին, ես անմիջապես թողեցի անելիքս և միասին գնացինք զբոսանքի լճի ափին։ Եկե՛ք երախտապարտ լինենք, որ մեր Երկնային Հայրն ավելի պատրաստակամ է կատարել Իր խոստումները։ Նա սիրում է, երբ մենք աղոթում ենք Իր խոսքի համաձայն։
Աստծո խոստումներից ո՞րն է հատկապես թանկ մեզ համար։ Ինչպե՞ս կարող ենք շնորհակալություն հայտնել Նրան Իր հավատարմության համար։
Աղոթք – Ամենակա՛լ Հայր, ես հաճախ կորցնում եմ ինքս ինձ կյանքի հաճախակի փոխվող իրադարձությունների մեջ։ Օգնի՛ր ինձ միշտ հիշել Քո խոստումները։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Ղևտական 4-6, Ղուկաս 4. 31- 44