.
Երբ կամավորությունը դառնում է առաքելություն

Հանքավանի այս տարվա ձնառատ գարունն Ավետիսյան դպրոցի մի խումբ աշակերտներ հավանաբար դեռ երկար կհիշեն: Մարտի 24-25-ը նրանք Շողիկ ճամբարում էին՝ որպես կամավորական ծառայության գնահատանք:  

2025թ.-ի վերջին՝ դեկտեմբեր ամսին Ավետիսյան դպրոցը դարձել էր սիրո, նվիրման և միասնական ծառայության հարթակ։ Դպրոցի բարձր դասարանների աշակերտները՝ կամավորության սկզբունքով, համախմբվել էին մեկ կարևոր նպատակի շուրջ՝ ուրախություն պարգևել երեխաներին։

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու և Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության (AMAA) համատեղ ջանքերով իրականացվեց մեծածավալ նախաձեռնություն․ փաթեթավորվեց շուրջ 10,000 Սուրբ Ծննդյան նվեր։

Կամավորների այս կարևոր ծառայությունը չմնաց աննկատ։ Նրանց քաջալերելու, գնահատելու և կամավորության արժեքն ընդգծելու նպատակով Հանքավանի «Շողիկ» ճամբարում ՔԴ աշխատակիցների նախաձեռնությամբ կազմակերպվեց հատուկ հանդիպում Ավետիսյան դպրոցի աշակերտների համար։ Հանդիպման երկու օրերը լի էին ջերմությամբ և ոգևորությամբ։

Հանդիպումը մեկնարկեց համաճամբարային էքստրիմ խաղերով և հաղթողների մրցանակաբաշխությամբ։ Այնուհետև կամավորներին հանձնվեցին հատուկ վկայականներ՝ նրանց նվիրված ծառայության համար, անցկացվեցին Աստծո Խոսքից խորհրդածություններ՝ միտված նրանց հոգևոր աճին, աշակերտներն առիթ ունեցան իրենց ուժերը փորձելու ինտելեկտուալ խաղում, որը նպաստեց թիմային մտածողության և ակտիվ մասնակցության, իսկ օրն ամփոփվեց խարույկի շուրջ ստեղծված ջերմ և անմոռանալի մթնոլորտով։

Այս նախաձեռնությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե որքան մեծ ազդեցություն կարող է ունենալ միասնական ծառայությունը։ Կամավորության միջոցով ոչ միայն օգնություն է հասնում կարիքավորներին, այլև ձևավորվում է պատասխանատու, սիրող և հավատքով ապրող սերունդ։

Նախորդ
...
X