.
2026թ., Մարտի 27

Նեեմիա 9. 19-21                                                                                         Ուրբաթ   |   Մարտ 27

 

 

Քառասուն տարի ես ձեզ ման ածեցի անապատում. ձեր հագուստները չհնացան ձեզ վրա, և ձեր ոտքերի կոշիկները չմաշվեցին։ Բ Օր․ 29․5

 

ԱՍՏՎԱԾ ՄԱՆՐՈՒՔՆԵՐԻ ՄԵՋ Է

 

Զարմուհիս, ով համալսարանի առաջին կուրսի ուսանողուհի էր, զբաղված էր ուսման և հանրակացարանի հարցերով։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ համալսարանը նաև նրանից մեքենայի անցաթուղթ էր պահանջում։ Քանի որ դա կավելացներ հոգսերով նրա արդեն երկար անելիքների ցանկը, ես առաջարկեցի անցաթուղթը վերցնել նրա փոխարեն։ «Շնորհակալություն», - ուրախ ասաց նա, երբ ես մտա գրասենյակ և մի քանի րոպեից դուրս եկա անցաթղթով։

Բայց նա չգիտեր, որ այս պարզ հարցը լուծելու համար ինձնից իրականում կես օր պահանջվեց՝ համակարգում գրանցում, դիմումի մեջ առկա սխալների շտկում, անսպասելիորեն պահանջվող փաստաթղթերի հավաքագրում: Իհարկե ես նրան այդ մասին ոչինչ չասացի, պարզապես ժպիտով պատասխանեցի՝ «խնդրեմ»։

Սերն արտահայտվում է մանրուքներում, որոնք հաճախ աննկատ են մնում:

Աստվածաշունչը խոսում է Աստծո սիրո մասին, որն արտահայտվեց իսրայելացիների համար աննշան թվացող երկու մանրուքով՝ նրանց հագուստով և կոշիկներով։ Ամբողջ քառասուն տարվա թափառումների ընթացքում հագուստները չհնացան և ոտքի կոշիկները չմաշվեցին (Բ Օր 29․5)։ Բացի այդ, նույնիսկ նրանց ոտքերը չուռեցին (Բ Օր․ 8․4)։

Աստծո ժողովուրդն անհավատարիմ էր, բայց Տերն «Իր մեծ ողորմությամբ... չթողեց նրանց անապատում» (Նեեմ․ 9․19): «Նրանք պակասություն չունեցան» (հ․ 21): Աստված ապահովեց անհրաժեշտը՝ Իր ներկայությունը, Հոգու առաջնորդությունը, սնունդն ու ջուրը (հ․ 19-20), և երկրորդական բաները՝ հագուստն ու կոշիկները:

Տերը հաճախ Իր սերն արտահայտում է այնպես, որ մենք դա անգամ չենք նկատում։ Բայց մեր կյանքի ամեն մի մանրուք նկատելի է Նրա կողմից։

 

Արդյո՞ք տեսնում ենք այն մանրուքները, որ ցույց են տալիս Աստծո սերը մեր հանդեպ: 

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհակալ եմ Քո անսահման և անվերջանալի սիրո համար։ Ամեն:



Աստվածաշունչը մեկ տարում      |      Ղևտական 1-3, Ղուկաս 4. 1-30