Գաղատացիներին 3. 23-29 Չորեքշաբթի | Մարտ 25
Այլևս ո՛չ հրեա կա, ո՛չ էլ հույն․․․ որովհետև ամենքդ մեկ եք Հիսուս Քրիստոսով։ Գաղ․ 3․28
ՄԵԿ՝ ՔՐԻՍՏՈՍԻ ՄԵՋ
Սպորտային հաղորդումներն ուղիղ եթերում դիտելը և մարզիկների հետ հանդիպելը իմ երազանքն էր, որն իրականացավ, երբ որպես երիտասարդ լրագրող մեկնեցի ամառային և ձմեռային Օլիմպիական խաղերին։
Ես դեռահաս ժամանակ մեծ հետաքրքրություն ունեի Օլիմպիական խաղերի նկատմամբ, բայց ժամանակի հետ դա դարձավ մոլուցք։ Երբ ամառային խաղերի ժամանակ ապաշխարեցի և ընդունեցի Հիսուս Քրիստոսին, զգացի, որ Աստված կոչ է անում ինձ հրաժարվել սպորտի հանդեպ կուռքից, որը ես ստեղծել էի իմ սրտում։
Այդ հին սիրուց ինչ-որ բան դեռ ապրում է իմ մեջ։ Ես դեռ հետաքրքրությամբ հետևում եմ Օլիմպիական խաղերին, բայց այժմ իմ սիրտը յուրահատուկ կերպով թրթռում է այն ժամանակ, երբ տեսնում եմ, թե ինչպես են տարբեր երկրներից ու մշակույթներից մարդիկ հավաքվում եկեղեցիներում՝ երկրպագելու Թագավորների Թագավորին։ Սա երկնքի քաղցր համն է երկրի վրա (Հայտն․ 7․9)։
Գիտակցելով, թե ով ենք Հիսուս Քրիստոսում, մենք ինքներս մեզ հիշեցնում ենք, որ պատկանում ենք Աստծո ընտանիքին: Պողոս առաքյալը գրեց Գաղատիայի հավատացյալներին. «Որովհետև ամենքդ Աստծու որդիներ եք Քրիստոս Հիսուսին հավատալով ․․․ Այլևս ո՛չ հրեա կա, ո՛չ էլ հույն, ո՛չ ծառա կա, ո՛չ էլ ազատ, ո՛չ արու կա, ո՛չ էլ էգ, որովհետև ամենքդ մեկ եք Հիսուս Քրիստոսով» (Գաղ․ 3․26, 28):
Անկախ նրանից, թե որտեղից ենք եկել կամ որտեղ ենք ապրում, եկե՛ք ուրախանանք այն փաստով, որ Քրիստոսի մեջ միավորված ենք ողջ աշխարհի մեր եղբայրների և քույրերի հետ։
Ինչպե՞ս կարող ենք սեր ցուցաբերել այլ մշակույթի մարդկանց նկատմամբ, և ինչպե՞ս կարող ենք աղոթել այլ ազգերի համար։
Աղոթք – Սիրելի՛ Հայր, շնորհակալ եմ, որ Քո միջոցով կարող ենք մեկ լինել այլ քրիստոնյաների հետ։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Հեսու 19-21, Ղուկաս 2. 25-52