Հովհաննես 17․14-26 Երկուշաբթի | Մարտ 23
․․․ նրանք այս աշխարհից չեն, ինչպես որ ես այս աշխարհից չեմ։ Հովհ․ 17․14
ԵՐԿՈՒ ԱՇԽԱՐՀՆԵՐԻ ՄԻՋԵՎ
Շատ տարիներ առաջ ես աշխատում էի որպես բրիտանական կառավարության խորհրդական աֆրիկյան մի երկրում։ Ինձ հաճախ էին հրավիրում բարձր մակարդակի միջոցառումների։ Շրջապատված լինելով էլիտար կրթություն ունեցող պաշտոնյաներով և պետական ծառայողներով՝ ես ինձ անհարմար էի զգում և անհամբեր սպասում էի ավարտին։ Այնուամենայնիվ, չէի կարող հրաժարվել մասնակցելուց։ Ես կարևոր առաքելություն ունեի՝ ներկայացնել իմ երկիրը։
Քրիստոնյաների համար երբեմն իրենց օտար զգալը բնական է։ Խաչ բարձրանալուց առաջ Քրիստոսն աղոթեց Իր աշակերտների համար․ «…նրանք այս աշխարհից չեն, ինչպես որ ես այս աշխարհից չեմ» (Հովհ. 17․14)։ Թեև աշակերտները ֆիզիկապես ապրում էին այս աշխարհում, այն նրանց իրական տունը չէր։ Սակայն նրանք կարևոր առաքելություն ունեին. ներկայացնել իրենց Տիրոջը։
Այնուհետև Իր աղոթքում Հիսուսն ասաց․ «Բայց միայն նրանց համար չեմ խնդրում, այլ նաև նրանց, ովքեր նրանց խոսքի միջոցով կհավատան ինձ» (հ. 20)։ Մենք հավատացինք առաքյալների խոսքի միջոցով և այժմ ապրում ենք երկրի վրա, որպեսզի այդ խոսքը փոխանցենք ուրիշներին։ «Որպեսզի աշխարհն իմանա, որ դո՛ւ ինձ ուղարկեցիր»,- նշեց Քրիստոսն Իր վերջնական նպատակը (հ. 23)։ Այդ նպատակին հետևելն աշխարհում մեզ համար գուցե ավելի հարմարավետ չլինի, բայց կօգնի դժվար օրերին հավատարիմ մնալ։
Մենք չպետք է զարմանանք, եթե այս աշխարհում օտարություն զգանք: Մեր Փրկիչն այս աշխարհից չէ, և մենք՝ Նրա ներկայացուցիչները, նույնպես այս աշխարհից չենք։ Բայց ամեն ժամանակ և ամեն իրավիճակում Նա մեր կողքին է (հ. 26):
Որտե՞ղ ենք մեզ օտար զգում։ Ի՞նչ նպատակով է Քրիստոսը դրել մեզ տվյալ վայրում։
Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ, որ եկար այս աշխարհ և ինձ Քեզ հարազատ դարձրիր։ Օգտագործի՛ր ինձ Քո Բարի Լուրը տարածելու համար։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Հեսու 13-15, Ղուկաս 1. 57-80